Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Գյումրիի մանկատան բակում' պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայությունից այլ մանրամասներ չներկայացրեցին, նշեցին միայն, որ այս ընթացքում քայլեր են ձեռնարկել օգնելու երեխաների մորը, որպեսզի նա կարողանա երեխաներին ինքնուրույն մեծացնել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ. Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաների:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:
Երեխաներին հանձնել էին Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:
Հիշեցնենք նաև՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել էր Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ, եւ երիտասարդ կինը հայտնել էր, որ զղջում է եւ ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։
Մանե Թանդիլյանն էլ ասել էր, որ կաջակցի, որպեսզի կնոջ սոցիալական վիճակը բարելավվի, և երեխաները վերադառնան մոր հոգածության տակ։