Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված: Այս մասին ասել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը' անդրադառնալով փորձաքննության եզրակացությանը:
«Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր մոտեցումը։ Ուրախ ենք տեղեկանալ նաև, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան: Ծանր տարի էր Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների համար։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին, համայնքներին, վարկաատուներին, բաժնետերերին և մյուս աջակիցներին, ովքեր այս ողջ ընթացքում վստահել են Լիդիանին»,- ասել է նա:
Լիդիան ընկերությունը մշտապես շեշտել է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել, և Ընկերությունը լիովին համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։