Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:

«Այս պահին այս առումով ավելին չենք կարող ասել, սակայն կասեմ, որ անակնկալներ սպասվում են»,- շեշտեց Եսայանը:

«WCIT 2019» համաժողովը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-ն ընկած ժամանակահատվածում: Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ: ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը: «WCIT 2019»-ը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիների ձեռնարկությունների միությունը: