ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փակ հանդիպման ընթացքում հայտնել է, որ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան:
Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը:
Վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց սպասել հարցի ուսումնասիրման ընթացակարգերի ամբողջական ավարտին:
«Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումների: Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու թե՛ պետական հիմնարկների հետ, թե՛ հասարակության տարբեր շերտերի հետ: Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը. այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,- նշեց նա:
Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ շուտով պարզ կլինի' Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Ամուլսար, թե ոչ: