Ամուլսարի թնջուկը լուրջ փորձաքար է դարձել ոչ միայն հանրության մի ստվար զանգվածի, այլ նաև «Իմ քայլի» համար: Բանն այն է, որ հանքի շահագործման վերաբերյալ տեսակետները, որոնք հնչեցնում են իշխանական խմբակցության անդամները, էականորեն տարբերվում են: Թեժ աշունը պայմանավորված կլինի ոչ միայն քաղաքական վերադասավորումներով, այլև մի շարք խնդիրներով, որոնք իրենց հանգուցալուծումը պետք է ստանան հենց այդ ժամանակահատվածում։ Առաջին հերթին խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է, որը սեպտեմբերին պետք է ԱԺ օրակարգ մտնի։ Հիմա տեսնում ենք, որ իշխանական թևում կան մարդիկ, որոնք արդեն հայտարարում են կոնվենցիային դեմ քվեարկելու մասին։

 

Այսինքն՝ թե՛ Ամուլսարի, թե՛ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում «Իմ քայլում» միասնական տեսակետ չկա, և դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կարճ ժամանակում ի մի բերել, կամ ինչ-որ կերպ համոզել թիմակիցներին գալ միասնական հայտարարի: Եվ այս ամենը դեկտեմբերին ընդառաջ, երբ իրավական հիմքեր ի հայտ կգան՝ Փաշինյանի կաբինետին անվստահություն հայտնելու համար: Չպետք է մոռանալ նաև, որ «Իմ քայլում» կան պատգամավորներ, ովքեր քայլողների շարքին չեն դասվում և ի սկզբանե միացել են Փաշինյանին՝ վերջինիս օգնելու ցանկությունից դրդված: Սակայն, եթե իշխանական ֆրակցիան տրոհվի, ապա վերոնշյալ պատգամավորները թերևս առաջինը քայլ կանեն՝ դուրս գալով Փաշինյանի ձեռքի տակից:

Ինչու ոչ, խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են, օրինակ՝ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել, հատկապես, որ այսպես կոչված սորոսական թևը երկար ժամանակ է, ինչ առիթ է փնտրում առանձնանալու և ինքնուրույն քաղաքական կուրս վարելու համար: Ցանկացած զարգացման դեպքում իրավիճակը հանգեցնելու է բացարձակ մեծամասնության փլուզման՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով: Հետևաբար, ի՞նչ է մնում Փաշինյանին: Կամ շատ ավելի լուրջ և հանրային հնչեղություն ներկայացնող օրակարգ առաջ բերել, որը, թեկուզ ժամանակավորապես, սակայն կշեղի հանրային ուշադրությունը, կամ էլ կարճ ժամանակում փորձել ինչ-ինչ դիվիդենտներով շահագրգռել սեփական թիմի անդամներին, որպեսզի ամեն ինչ անցնի հալած յուղի պես, սակայն, ինչ խոսք, դա անելը բարդ է լինելու: