Անցումային արդարադատության գործիքակազմի կրառման արդյունքում 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծից, որը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Համաձայն նախագծի՝ հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ: