Արդեն 3 ամիս է, ինչ նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ Քաղաքացիները ստիպված են ՀԴՄ գնել մոտ 3 անգամ ավելի բարձր գնով՝ սև շուկայից: ՊԵԿ-ն էլ իր հերթին անցել է տոտալ տուգանքների քաղաքականության և առաջարկում է տուգանվելու դեպքում օգտվել բողոքարկման իրավունքից:
 
Ազատականացումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չկա, սակայն մեծ պահանջարկ կա: Մամուլում կան տեղեկություններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բախվում են այս խնդրի հետ, իսկ առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու դեպքում կարող են տուգանվել նույն ՊԵԿ-ի կողմից: Այսինքն՝ պահանջը դրել է ՊԵԿ-ը, իր աշխատանքում թերացել է ՊԵԿ-ը, սակայն արդյունքում տուժում է տնտեսվարողը: Մամուլում տարատեսակ մեկնաբանություններ եղան ստեղծված խնդրի վերաբերյալ, կար անգամ պնդում, որ ստեղծված իրավիճակը ունի շահադիտական նկատառում, նպատակ հետապնդելով, որպեսզի տնտեսվարողները մի քանի անգամ ավելի թանկ գնով ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ սարքերը:
 
Օրինակ՝ նմանատիպ դեպքի առնչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ: Թե ինչու պետք է տնտեսվարողը գնա «սև շուկայից» ՀԴՄ սարք գնի կրկնակի, եռակի թանկ գնով, հասկանալի չէ։ Սա ոչ այլ ինչ է, քան ՊԵԿ անգործություն։ Ընդ որում՝ այդ անգործությունը շարունակվում է արդեն 3 ամսից ավելի։ Այսինքն՝ կա տպավորություն, որ ինչ-որ մեկին պարզապես ձեռնտու է տնտեսվարողներին ուղղորդել դեպի սև շուկա՝ սարքերը կրկնակի թանկ գնելու. գուցե ՊԵԿ որոշ աշխատողներ գերշահույթներ ստանալու յուրօրինակ մեխանիզմ են այսպես մշակել:
 
Մի բան ակնհայտ է. կառավարությունն ամեն առիթով հիշատակում է տնտեսական հեղափոխությունը, սակայն երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տնտեսվարողը անգամ ՀԴՄ չի կարող ձեռք բերել՝ իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար: Եվ, փոխարենը լուծում գտնեն, պատկան մարմինները փորձում են մեղքը բարդել մեկը մյուսի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից: