Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։

Այս համատեքստում օգոստոսի 27-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցում նկատել են «Վազ-2107» մակնիշի 77 XX 777 կասկածելի համարանիշերով մեքենա: 07-ն անմիջապես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Իրավապահները պարզել են, որ Աշտարակի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ 28-ամյա վարորդը նշված համարանիշերը համակարգչային տպագրության միջոցով թղթի վրա տպագրել և մեքենային է տեղադրել, իսկ «Վազ-2107»-ի օրինական համարանիշերը, որ հաշվառված էին իր անվամբ, բոլորովին այլ թվագրություն ունեին:

ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը հոդվածի հատկանիշներով մեքենայի վարորդը վարչական տուգանքի է ենթարկվել: Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։