«Առաջին անգամ ՀՀ-ում գործնական քայլերի վրա է դրվում քրեական մշակույթի դեմ պայքարը, պետական մակարդակով դրսևորվում է քաղաքական կամք՝ անհանդուրժողականություն ցուցաբերել քրեական մշակույթ կրողների նկատմամբ». սեպտեմբերի 2-ին «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը: Նա նկատեց, որ նախագծի անհրաժեշտությունը բնավ պայմանավորված չէ վերջին շրջանում քրեական ենթամշակույթի տարրերի ակտիվացմամբ: Քրեական մշակույթի դեմ պայքարը սոցիալական անհրաժեշտություն է, նման տարրերը վտանգում են հասարակության անվտանգությունը:
«Հելսինկյան ասոցիացիա» հ/կ ղեկավար Նինա Կարապետյանցն էլ նշեց, որ իրականությունն այնքան էր սերտաճել քրեական տարրերի հետ, որ տվյալ օրինագիծն ուղղակի անհրաժեշտություն էր:
«Էլ չենք խոսում քրեակատարողական հիմնարկների մասին, որտեղ շատ հարցեր լուծվում էին ոչ թե ադմինիստրացիայի, այլ քրեական հեղինակությունների կողմից»,- ասաց Ն. Կարապետյանցը: Նա դրական համարեց այն փաստը, որ այսօրվա իշխանությունը կապված չէ նման տարրերի հետ և դրանց դեմ պայքարելու ցանկություն ունի:
«Բայց թե որքանով է դա իրատեսական, եկեք ես դա շատ մեծ կասկածի տակ դնեմ, որովհետև այդ հիեարխիան ներքին պայմանավորվածությամբ կարող է կանոններ փոխել: Մենք ուղղակի նրանց հետևից չենք հասցնելու: Չկա դետալիզացիան, թե որտեղից ենք սկսելու: Եթե մենք չկարողացանք դետալիզացին տալ, չենք կարողանալու նաև պահանջել: Կարևոր է, թե այս օրենքը ո՞վ է աշխատեցնելու: Մի քանի օր առաջ տեսանք Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի դեպքը, երբ քրեական էլեմենտը որոշել էր ոստիկանին վիրավորել, և որևէ մեկը ձայն չհանեց: Մենք մինչև հիմա չգիտենք՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է դատավորը մի սեղանի շուրջ նստած եղել քրեական տարրի հետ: Մենք չունենք այն գործիքները, որոնք պետք է թույլ տան այդ օրենքը աշխատեցնել: Լինելու է նաև դիմադրություն»,- կանխատեսեց նա:
Բանախոսի համոզմամբ՝ քանի դեռ չեն իրականացվել դատաիրավական բարեփոխումները, նշյալ օրենքը իրագործելն իրատեսական չէ:
ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման մեխանիզմի իրակաբացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի կարծիքով՝ նախագծով հետապնդվող նպատակը ողջունելի է: Սակայն դրա գործնական կիրառման առումով մտահոգություններ կան: Այստեղ բազմապրոֆիլ լծակներ են պետք:
«Դժվար է պատկերացնել քրեակատարողական հիմնարկներում քրեական մշակույթի դեմ պայքարը՝ առանց քրեակատարողական ծառայողների սոցիալական երաշխիքների, աշխատավարձի ու աշխատանքային պայմանների վերանայման: Դժվար է պատկերացնել նաև, որ քրեակատարողական 1 ծառայողը կարող է վերահսկել 50 դատապարտյալի»,- ընդծեց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը: Նրա գնահատմամբ՝ ՔԿՀ-ներում քրեական մշակույթը ծաղկում է ապրում, որովհտեև դրա համար կան նպաստավոր պայմաններ:
«Եթե քրեական մշակույթը կրող անձինք ավելի հեշտությամբ են կարողանում լուծել ազատությունից զրկված անձի տարաբնույթ խնդիրները, մեծ է հավանականությունը, որ հենց նրան կդիմեն, որովհետև օրինական ճանապարհն ավելի բարդ է և գրեթե անհասանելի»,- գնահատեց Գ. Սիմոնյանը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Ա.Սարգսյանը մտահոգությունները ընդունելի համարեց և հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է քննարկել բոլոր առաջարկները և արդյունքում ունենալ առավելագույնս լավ օրենք: Ըստ նրա՝ միանշանակ է, որ առաջիկայում խնդիրներ լինելը չպետք է հիմք տա օրենքից հրաժարվելու: Նախարարության ներկայացուցիչը չբացառեց հետագայում օրենսդրական փոփոխություններ կատարելը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին կառավարությունը հավանության է արժանացրել այն օրինագծին, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործ ենթամշակույթ կրողներին: