ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, պատրաստակամություն է հայտնել օժանդակել վերջինիս' նույն հիմնարկում պատիժ կրող, դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար նրանից կաշառք ստանալու հարցում:

Ինչպես հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, կաշառք ստանալուն օժանդակելու՝ հնարավոր բացահայտման խոչնդոտները վերացնելու համար, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ս. Գ.-ն 2019 թվականի գարնանը' Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում, Վանաձոր քաղաքի բնակչից պարբերաբար ստացել և վերը նշված ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է' առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժիմեջ մտած դատավճռով: