ԱԺ-ում այսօր քննարկվեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ-ի և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը նշեց, որ այս հարցն անցել է պետական բոլոր ատյաններով, որևէ խնդիր չի առաջացել, ուստի կոչ է անում բոլորին կողմ քվեարկել այս նախագծին։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախագծի վերաբերյալ դիմելով Աղազարյանին նշեց, որ սույն կոնվենցիայի վերաբերյալ որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը։
«Մենք վերջին օրերին ՍԴ-ի շուրջ բավականին լարված շրջան ենք անցնում և հայտնի քրեական գործի վերաբերյալ ՍԴ որոշումը իմ որոշ գործընկերներ որոշել են չճանաչել։ Հիմա այստեղ վկայաբերվեց, որ այս կոնվենցիան ճանաչվել է սահմանադրական այն նույն դատավորների կողմից, ովքեր որոշում են կայացրել հայտնի քրեական գործի շրջանակներում։ Հիմա մի դեպքում ճանաչում ենք ՍԴ-ի կայացրած որոշումը, մյուս դեպքում ոչ, ե՞րբ ենք այս շիլաշփոթին վերջ տալու»,-ասաց Բաբաջանյանը։