ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կրկին անդրադարձել է Ամուլսարի խնդրին։ Նա, մասնավորապես, նշել է, որ այսօր իրավական հիմքեր չկան «Լիդիան Արմենիային» արգելել, որ շահագործի Ամուլսարի հանքը։ Փաշինյանն ընդգծել է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում իրենք որոշակի ազդակներ ունեն, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարեն, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի նվազեցման, ինչը կազդի վարկերի տոկոսների վրա: «Եվ հետևյալ խնդիրը կա, երբ մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում. բա եթե էդպես է, ինչո՞ւ եք օրինակ թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, կամ Թեղուտի հանքը շահագործվի, արդյոք նրանք համապատասխանում են բոլոր բնապահպանական ստանդարտներին և որևէ խնդիր չեն առաջացնում: Այստեղ շատ լուրջ խնդիր մենք կարող ենք միջազգայնորեն ունենալ, երբ որ պարզվի, որ մենք խտրական վերաբերմունք ենք ցուցաբերում»,- ասել է վարչապետը:

Ի՞նչ է ակնարկում Փաշինյանը, և որն ամենակարևորն է՝ ո՞ւմ: Նախկինում էլ խոսելով Ամուլսարի խնդրի մասին՝ վարչապետը չէր մոռանում հիշատակել ԶՄՊԿ-ն: Ամիսներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը արել էր սենսացիոն հայտարարություն: Նա ասել էր, որ օպերատիվ ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել վիճակը, և պարզվել է, որ այլ հանքարդյունաբերական ընկերությունը աջակցում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ գործընթացին: Հիշեցնենք, որ հանքի ճանապարհի փակումից հետո ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է Ամուլսարի շահագործման դեմ գործընթացին փողով և սնունդով: Ընկերությունը հերքել է այդ տեղեկությունները: Դրանից հետո գործի է անցել Լիդիանը, ով իր հերթին է ԶՊՄԿ-ին մեղադրել իր աշխատանքները սաբոտաժի ենթարկելու մեջ: Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ԶՊՄԿ-ին պատկանող ծառայողական մեքենայի թափքից սնունդ է մատակարարվում Ամուլսարի ճանապարհներն ապօրինի փակած անձանց՝ այսպիսով ելնելով իր շահերից սաբոտաժի ենթարկելով Ամուլսարի հանքի շահագործումը: Այս ամենը, իհարկե, ընդամենը խոսակցությունների մակարդակում էին, քանի որ կողմերից և ոչ մեկը մյուսի մեղավորության կամ անմեղության փաստացի ապացույցներ չի ներկայացրել:

Ի վերջո ովքե՞ր են ԶՄՊԿ-ի սեփականատերերը, և ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի մեսիջը: Մամուլում ԶՄՊԿ-ն կապվել է բազմաթիվ նախկին պաշտոնյաների անունների հետ՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի: Եվ այսօր վարչապետի մեսիջը, ըստ էության, ուղղված էր հենց ԶՊՄԿ հետևում կանգնած անձանց, քանի որ Ամուլսարի շահագործման դեմ տարվող աշխատանքը ուղղակի հարված է Փաշինյանի իշխանության դիրքերին, հաշվի առնելով, թե որքան ռեզոնանսային է այս հարցը, և որքան լուրջ հանրային պրեսինգի տակ է իշխող քաղաքական թիմը: Պահանջելով ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը և այդ պահանջը զուգորդելով ԶՄՊԿ-ի օրինակով՝ Փաշինյանը բացահայտ հասկացնում է, որ եթե «սաբոտաժը» շարունակվի, ապա գործը կհասնի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենաին կոմբինատին և վերջինիս հետևում կանգնած անձանց: Ի դեպ, բնապահպանության տեսչական մարմինը և ՊԵԿ-ը արդեն իսկ անցել են գործի. ԶՄՊԿ-ում նոր ստուգումներ կլինեն՝ չնայած այն հանգամանքի, որ վերջին ստուգումները եղել են ընդամենը մի քանի ամիս առաջ, և նոր ստուգումները լինելու են օրենքի խախտումով: Այսպիսով, Փաշինյանը տողատակով հնչեցրած սպառնալիքը ամրագրում է նաև գործնականում…