ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 7-ը որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր նշելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից:

«Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես Աղետներին դիմակայունության օր»,- նշված է օրենքի նախագծում:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց միաձայն:

1988 թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը' շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվկամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։