Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ նախկին հրամանատար, Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր զբաղեցնում է Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը (նստավայրը՝ Երևան) և իր գործառույթն այսօր ՀՀ ուժային բոլոր կառույցներում վերահսկողություն իրականացնելն է։ Ըստ այդմ ստուգում և գնահատում է ուժերի մարտունակությունը՝ բանակում, Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), Ոստիկանական ուժերում և Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ): Նկատի ունենալով 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մովսես Հակոբյանի զբաղեցրած պաշտոնական դիրքը՝ ԶՈՒ-ում, և մոտալուտ ժամկետում իր կանչվելը՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, 168.am-ը բարձրաստիճան ռազմական գործչից հետաքրքրվել է այդ հանձնաժողովի ստեղծման խորքային նպատակի, նախկին իշխանության օրոք դեպքերին տրված եզրակացությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած դիրքորոշման մասին և այն մտացածին միֆերի մասին, որոնք շարունակում են մինչ օրս տարածվել հանրության շրջանում՝ բանակի մասին հատուկ կարծիք ձևավորելու նպատակով:
– Պարոն Հակոբյան, այսօր ԱԺ-ում ստեղծված է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ձեզ համար հասկանալի՞ է՝ հատկապես ի՞նչ ակնկալիքով է ներկայիս իշխանությունը ապրիլյան դեպքերը վերստին թարմացնում, արդյոք նոր բան կա՞ բացահայտելու:
– Դրա վերաբերյալ արդեն իսկ կա լուրջ փաստաթուղթ, որը վերլուծություն է և մասնագիտական գնահատական, որ տրվել է այդ օրերին իրականացված մարտական գործողություններին: Եվ այդ փաստաթղթի մասին հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ասեմ, որ ես մաս եմ կազմել այդ փաստաթղթի ստեղծմանը, վերլուծական աշխատանքներին, և, բնականաբար, համաձայն եմ ամփոփված տեղեկատվությանը: Ասեմ ավելին, այդ փաստաթուղթը երեք անգամ ինձ է հասցեագրվել որոշ բացթողումներով և լրացումներով, հետ է գնացել մշակող մարդու մոտ, որպեսզի բոլոր գնահատականները ճշգրիտ արտացոլվեն: Այդ հույժ գաղտնի փաստաթղթում տրված են համարժեք գնահատականներ և այն, որ ռազմական անվտանգությանն առնչվող փաստաթուղթը չէր կարող հրապարակային լինել, շատ բնական է:
Նյութերը բոլորը գաղտնի են և դեռ երկար ժամանակ գաղտնի կմնան։ Ընդգծեմ նաև, փաստաթղթի մշակմանը նախորդ իշխանության օրոք հետևել են որոշակի պրոցեսներ՝ ըստ գնահատականների, որոնք տրվել են մարտական գործողություններին: Վերադասին զեկուցելուց հետո գործընթացն ավարտվել է այնտեղ, որտեղ ավարտվում է պատասխանատվություն կրելը:
Ըստ այդմ՝ եղել են մարդիկ, որոնք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, ոմանք զորացրվել են, ընդհուպ՝ պաշտոնների իջեցումներ են արվել: Ժամանակին երկրի Գերագույն գլխավոր հրամանատարին է զեկուցվել այս ամենը, և այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ծանոթացել այս հույժ գաղտնի փաստաթղթին: Վերջինս կարդացել է ամեն ինչ, և ինքը պետք է իմանար այդ ամենի մասին՝ որպես վարչապետ։
– Այդ դեպքում ի՞նչն ենք վիճարկում հիմա, մանավանդ, որ կա նաև զուգահեռաբար հարուցված քրգործ, որտեղ իսկապես պրոֆեսիոնալ փորձագիտական կարծիք կներառվի, մինչդեռ քննիչ հանձնաժողովում հայտնի չէ՝ ռազմական գիտելիքների առումով որքանո՞վ են կոմպետենտ այդ հանձնաժողովում այսօրվա ընդգրկվածները:
– Ես դեռևս չեմ կանչվել հարցաքննության, նոր պիտի գնամ, չեմ ճանաչում այդ մարդկանց և չգիտեմ՝ նրանց կոմպետենտության աստիճանն ինչպիսին է: Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի մասին տեղյակ չեմ, մահվան ելքով դեպքերով պարտադիր քրեական գործեր պիտի հարուցվեին, բայց մարտական գործողությունների մասով,՝ տեղյակ չէի, որ քննություն է ընթանում:
– Կարծիք կա, որ, ինչպես «Մարտի 1»-ի գործը, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի ուսումնասիրությունները իշխանության համար որպես քաղաքական առանցքային թեմաներ են դիտարկվում: Ի՞նչ եք Դուք հասկացել, դրանով ի՞նչ խնդիր է իր առջև դրել այսօրվա իշխանությունը:
– Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, ինձ թվում է՝ հասարակությանը ինչ-որ նյութ մատուցելու խնդիր է դրված, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչ է կատարվել այդ օրերին։ Իմ կարծիքն այս դեպքում սուբյեկտիվ է, բայց ես երբեք չեմ գնացել որևէ մեկի էմոցիոնալ պահանջները բավարարելու ճանապարհով: Հնարավոր է՝ ես սխալ եմ, բայց գտնում եմ, որ դու ոչ թե հանրության էմոցիոնալ պահանջները պիտի կատարես, դու պիտի կատարես այն պահանջները, որոնք բխում են ստեղծված իրավիճակից, եթե դա քեզ իրոք հաղթանակ կբերի։ Չեմ կարծում, որ հանձնաժողովը, այն, ինչին այսօր կտիրապետի՝ կհրապարակի, դրանք գաղտնի նյութեր են, և պարտադիր չէ, որ հրապարակային դառնան, դրա անհրաժեշտությունը երբեք չկա և չպետք է լինի նաև հետագայում:
Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակի հետ, դա բանակի ներքին գործն է, և օրենքն է պահանջում: Ամեն դեպքում, չեմ բացառում նաև, որ հանձնաժողովը աշխատի, և վերջում այդ նոր փաստաթուղթը մնա վարչապետի սեղանին:
– Իսկ այս թեմայի շուրջ Դուք խոսե՞լ եք վարչապետի հետ, փորձե՞լ եք հասկանալ, թե ո՞ր կիսատ կողմը չի բավարարել իրեն։
– Ոչ, չեմ խոսել, որովհետև երևի դրա անհրաժեշտությունը չի եղել, կարծում եմ՝ ինքը պիտի դա ցանկանար։
– Խնդրում եմ, կարճ ու հիմնավոր բացատրեք՝ ի վերջո, ի՞նչ պատրաստվածության վիճակում է եղել դիրքապահ զինվորը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ զինամթերքի պակաս, տանկերի վառելանյութի խնդիր, բահերով կռվել, սննդի պակաս, խոտով ստիպված սնվել, և այլն, և այլն, սրանք միֆե՞ր են, թե՞ իրականություն:
– Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ զինամթերքի պակաս չի եղել ապրիլյան պատերազմի օրերին: Զինամթերքի առկա քանակը բավարար էր անգամ այդ օրերին դիրքերին մոտեցած հակառակորդի հարյուրապատիկ գերազանցող ուժերին ջախջախելու համար: Դրանք հաշվարկված նորմեր են, և այսօր էլ այդ հաշվարկով է զինամթերք տրվում զորամասերին: Ուզում եմ ընդգծել՝ ապրիլյան դեպքերից հետո էլ շարունակվում է նույն քանակությամբ զինամթերք բաշխվել դիրքապահին, այստեղ միֆեր հորինելու իմաստ չկա: Հրամանները կան, կարող եք հանել և ուսումնասիրել՝ ինչ քանակությամբ է զենքը տրվել մինչև 2016 ապրիլի 1-ի դրությամբ և այսօր:
Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում: Ի տարբերություն մյուս բոլոր կառույցների՝ բանակի դեպքում, երբ տեխնիկան շահագործում ես և վերադառնում զորանոց, առաջին գործողությունը, որ կատարվում է հսկիչ կետում անցնելիս, դա լիցքավորումն է:
Դա պարտադիր գործողություն է, բաքը պիտի լցվի ամբողջությամբ՝ անկախ այն բանից՝ տեխնիկան անսա՞րք է, թե՞ սարքին: Բահերով կռվելու մասով, երևի զարմացրած կլինեմ, բայց ասեմ, որ բահը նաև կռվելու համար է: Եթե գործը հասել է մենամարտի, ապա բահը կռվելու համար ամենահարմար գործիքն է։ Հաշվի առեք մի բան, բանակում բահերն ուրիշ են, բոլոր կողմերով սուր շեղբ ունեն, և եթե դիվերսիա է, թշնամին անսպասելի մոտեցել է դիրքապահին, մենամարտի բռնվող զինվորին, այդ միջոցին զենքը ճկուն չէ կիրառել, ավելի հարմար ձևը նաև բահով կռվելն է համարվում: Այն շատ հարմար է բռնելու, շարժելու և սուր կտրող կողմերով հակառակորդին վնասելու համար: Ի դեպ, մենք դա սովորեցնում ենք մարտերի պարապմունքների ժամանակ, ուսուցանվող նյութերում կա այդ մասին:
– Նկատենք՝ բահերով կռվելու մասին նաև ծանր վիրավորում ստացած զինվորներից են շատերը լսել, որոնք դա մատուցել են՝ իբրև զենքի չլինելու հետևանք:
– Իրենց մատուցման ձևն է երևի սխալ եղել, դրա համար էլ սխալ է ընկալվել: Նշեմ, որ շատ սխալ եմ համարում, երբ ձեր նշած դեպքերով վիրավորում ստացած զինվորների են խոսեցնում, որոնք հասկանալի պատճառներով իրավիճակից կարող են կցկտուր դրվագներ հիշել, կամ չհիշել ոչինչ, բայց բաներ փոխանցեն, որոնք ընդամենը վերցված են սրա-նրա էմոցիոնալ պատմածներից: Երկար ժամանակ վերականգնվող հիշողությունը ի մի բերող զինծառայողների են հաճախ խոսեցնում և բանակի մասին կարծիք են ձևավորում:
Ես դա համարում եմ անբարոյականություն, որովհետև զինվորը կարող է խոսել միայն այն մասով, ինչում ինքը եղել է ականատես, զինվորին լայն շառավղով իր աջ և ձախ կողմերը դիտարկելու մասին հարցեր պետք չէ տալ, նրան այդ ամենը հասկանալու հնարավորություն տրված չէ, տրված չէ զինվորական հարցեր քննարկելու և վերլուծելու կարողություն։ Հիշե՛ք, զինվորը գիտի միայն իր մասին, նա իր կողքին հսկող զինվորից մեկ զինվոր այն կողմ տեսնել չի կարող, տիրող իրավիճակի մասին ոչինչ չգիտի, հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի բարդ և գլոբալ հարցեր տալ նրանց: