Վերջերս պաշտոնանկ արված Սոցապծառայության սկանդալային պաշտոնյան վերադարձվել է պետական համակարգ և դարձյալ բարձր պաշտոն է զբաղեցնում: Այս մասին հայտնում է 168.am-ը:

Խոսքը հեղափոխության «քայլարշավով» մինչև Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնին հասած Արսեն Օհանյանի մասին է, որը, ըստ հրապարակումների, ՍԱԾ-ում մի ամբողջ տարի զբաղված է եղել սևեր-սպիտակներ բաժանումով գործնթացներ  հրահրելով:

Սակայն Արսեն Օհանյանը, հիշեցնենք, հայտնվեց  բոլորի ուշադրության կենտրոնում հրապարակումից հետո, որում տեղ էին գտել պետական պաշտոնյայի կողմից այդ մեկ տարվա ընթացքում արված սեռաքաղց գրառումներն ու ցենզուրայից դուրս բնորոշումներով ձևակերպումները՝  հայկական բանակի մասին:

Այս հրապարակումից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնյան ազատվեց աշխատանքից:

 

Եվ ուշագրավ է այն, որ խայտառակ գրառումներով հայտնի դարձած երիտասարդին վարչապետի որոշումից հետո իր մոտ է կանչել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և օրեր անց նրան նշանակել պատասխանատու օղակում:

Օգոստոսի 8-ից հեղափոխական երիտասարդը Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարի տեղակալն է։ Սա մի կառույց է, որն իր իրավասությունների շրջանակով և իրականացվող ծրագրերի քանակով, ֆինանսական շարժի ծավալով  ոլորտում ունի ազդեցիկ դերակատարում, և, կարելի է ասել, ընկալվում է՝ որպես երկրորդ նախարարություն:



Հիշեցնենք, ՍԱՊԾ-ում Արսեն Օհանյանը մեկ այլ հեղափոխական ղեկավարի տեղակալ էր նշանակվել դեռ անցած տարի և պարբերաբար հայտնվում էր ներքին կոնֆլիկտների  կենտրոնում: Պատճառը, ըստ աշխատակիցների, Արսեն Օհանյանի՝ ակտիվիստի հոգեբանությունից դուրս չգալն էր, նա այդպես էլ չի համակերպվել պետական կառավարման համակարգի կարգ ու կանոնին:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: