Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, թե իրեն՝ որպես դատավորի վիրավորում է, երբ բարձրաստիճան պաշտոնյան ասում է «պատերի տակ վնգստացող դատավորներ»։
«Ես գտնում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարությունները, որոնք հնչում են ամենուրեք, նվաստացնում են յուրաքանչյուր դատավորի արժանապատվությունը, նվաստացնում են ամբողջ դատական համակարգը։ Ես նվաստանում եմ, որ բարձրագույն դատական խորհրդի անդամը ասում է՝ մի քիչ կոպիտ է ասվել, բայց իրականություն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ միայն ինձ է վիրավորե՞լ։ Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ տերեր եմ ման գալիս պատերի տակ։ Ինձ միջամտում է իմ անկախությանը որպես դատավոր, երբ ես նման արտահայտությունների թիրախ եմ դառնում»,-իր ելույթում ասաց դատավորը։
Զարուհի Նախշքարյանն իր խոսքը եզրափակեց` հայտնելով, որ պատասխան չի ակնկալում։