Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով նախկին զինվորական դատախազ, Մարտի 1-ի գործով դատապարտված Գագիկ Ջհանգիրյանի արդարացման վճռին, որը հրապարակվել է երեկ։
«Կարծում եմ, որ դա շատ կարևոր իրադարձություն է եղել։ Այդ արդարությունը պետք է շարունակական լինի։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել մարդկանց հետ թե՛ նախկին իշխանությունները, թե՛ կից գործող դատական համակարգը։ Եվ սա շատ լավ օրինակ կհանդիսանա։ Վարչապետն այս հարցում «հետ քաշված» է և սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում չդիտարկվի նրա քայլը։ «Ինքը վերջում կամ ինչ-որ փուլում կմիանա»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Հարցին, թե չի ստացվում, որ ով իշխանության է գալիս, նա արդարացվում է, Վլադիմիր Կարապետյանը հարցով պատասխանեց․ «Իսկ դուք կարծում եք, որ Ջհանգիրյանին այն ժամանակ ճի՞շտ էին մեղադրում»։