«Հայ ազգային կոնգրեսի» անդամ Գուրգեն Եղիազարյանը առաջարկում է ապրիլի 9-ը համարել ստի, կեղծիքի օր։ «Ապրիլի 1-ը ասում են սուտ ասելու օր է, բայց մեզ մոտ ամրագրվել է, որ ապրիլի 9-ն է այդ օրը, միգուցե 1-ը փոխարինենք 9-ո՞վ։ Խեղճ ու կրակ 1-ը կապ չունի ստի հետ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսին, բանախոսը նշեց, որ այս գաղջ մթնոլորտը լրագրողները չեն ստեղծում, թող նա աշխատի, որ այդպես չլինի, թող աշխատի, որ հայերը չլքեն հայրենիքը, իսկ նրանք լքում են ապիկար իշխանությունների պատճառով։
«Ո՞նց կարելի է կանգնել և ի լուր աշխարհի հայտարարել, որ ԱԺ-ում օլիգարխներ չկան, ո՞նց կարելի է նման սուտ ասել, ամոթ չէ՞, ասենք թե ձևակերպել են իրենց տատիկի վրա։ Ասում ա՝ ձևակերպումը չկա, ջհանդամ լինի այդ ձևակերպումը, բայց դու գիտես, թե ինչ է կատարվում»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե օլիգարխներ կան, ուրեմն կան ՀՀԿ-ում և միայն լրագրողներից մեկի դիտարկումից հետո ավելացրեց, որ ԲՀԿ-ում էլ կան։
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը կարող էր չէ՞ մեկ անգամ մարդավարի ընտրություն անցկացնել։ «Ի՞նչն էր քեզ դրդել, որ նույն մեխանիզմը դրեցիր ի գործ»,- հարցն ուղղեց Սերժ Սարգսյանին։