Չինական Xiaomi ընկերության Mi Mix Alpha անվանումով նոր ֆլագմանը առաջինն է, որի էկրանը զբաղեցնում է կորպուսի մակերեսի 180.6 տոկոսը: Այս մասին հայտնում է Life պարբերականը։

Բացի այդ, Mi Mix Alpha-ն առաջինն է համալրվել 108 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկով:

Գաջեթի կորպուսն ունակ է փոխանցելու ձայնը, այդ իսկ պատճառով տեսանելի բարձրախոսներ չկան սմարթֆոնի վրա: Հաշվի առնելով սմարթֆոնի «երկկողմ» գործառնությունը՝ սելֆիի տեսախցիկը նույնպես բացակայում է: Դրա դերը կատարում է հիմնական տեսախցիկը և երկու հավելյալ ոսպնյակները՝ 20 և 12 ՄՊ կետայնությամբ:

Ներկա պահին շուկայում նման տեսախցիկ ունի միայն Xiaomi Mi Mix Alpha մոդելը:

Նորույթն աշխատում է Snapdragon 855 պրոցեսորով, 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցվող հիշողությամբ և 5G ցանցի առկայությամբ:

Հաղորդվում է, որ նորագույն սմարթֆոնը վաճառվում է 2830 դոլարով և շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջին: