Սոսի Թաթիկյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում` նշելով, որ Էդմոն Մարուքյանին հայտնել է կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին:

Գրառումն ամբողջությամբ` ստորև.

«Ձեզնից շատ քչերը գիտեն, որ ես վերջին ավելի քան 2,5 տարում ունեցել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամատոմս: Տարիներ շարունակ գտնվելով աշխարհի հեռավոր թեժ կետերում` նախորդ իշխանությունների կողմից իմ առջև պետական համակարգում դռների փակվելու հետևանքով, և ինչ որ պահից զգալով, որ հայրենիքիս հետ կապը և պետական համակարգում աշխատող ընկերներիս կորցնում եմ` ավելի ու ավելի չընդունելով նախկին իշխանությունների մոտեցումները, հեռվից ՖԲ-ով գտել էի ԼՀ-ին ու վերջին տարիներին տարեկան մի քանի ամիս Հայաստանում անցկացնելու ընթացքում դարձա անդամ:

Սակայն տասներկու տարի շարունակ եղած լինելով Հայաստանի դիվանագիտական ծառայության անդամ, որից հետո ևս տասներկու տարի մեծ մասամբ գտնվելով արտերկրում և հանդիսանալով միջազգային քաղաքացիական ծառայող, ես այդպես էլ կարգին կուսակցական չդարձա և իրական ներգրավում չունեցա կուսակցության գործունեության մեջ: Ես իրավունք ունեի կուսակցության անդամ լինել, սակայն իրավունք չունեի որևէ ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, լինելու կուսակցության ղեկավար մարմնի անդամ և առաջադրվելու ընտրություններում: Անկեղծ ասած, ինձ միշտ խորթ է եղել կուսակցականությունը, քանի որ ես բոլոր հարցերում առաջնորդվում եմ երկու չափանիշով` պետականության ամրապնդում և միջազգային չափանիշներին համապատասխանություն:

 

Երեք տարում մասնակցել եմ երեք ժողովի և երեք միջոցառման. ժողովներից մեկը` անդամակցությունիցս անմիջապես հետո, երկուսը` հեղափոխության ժամանակ, երբ ապրիլի 20-ին Ադդիս Աբեբայից ժամանեցի, քանի որ չկարողացա անտարբեր մնալ Հայաստանում ընթացող զարգացումներին: Ասեմ, որ ես ԼՀ-ի` հեղափոխությանը միանալու կողմնակից եմ եղել, որի մասին ապրիլի 16-ից սկսած Ադդիս Աբեբայից հայտնել եմ:

5,5 ամիս առաջ հայրենիք վերադառնալուց հետո չեմ հրավիրվել կուսակցության որևէ ժողովի ու միջոցառման, այլ կուսակցության հատուկենտ անդամների հետ ունեցել եմ զուտ երկկողմ շփումներ: Միակ հարցը, որում ԼՀ-ն ինձ հետ խորհրդակցել է, եղել է վեթթինգի հարցը, սակայն դա էլ նախաձեռնել է ոչ թե բուն ԼՀ-ն, այլ ԼՀ խմբակցության արդեն նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

 

Մի կողմից, ես գնահատել եմ, որ կուսակցությունը երբևէ չի փորձել որևէ հարցում ինձ ուղղորդել և իմ հարցազրույցների, ելույթների ու գրառումների մեջ ունեցել եմ մասնագիտական ու անձնական կարծիքներ արտահայտելու ազատություն: Ես այս ամիսներին գործել եմ որպես իրապես անկախ փորձագետ: Մյուս կողմից, վերջին ամիսներին ավելի ու ավելի հասկացա, որ իմ անդամակցությունն անիմաստ է, եթե նույնիսկ իմ բուն մասնագիտական հարցերի ներկուսակցական քննարկումներում ներգրավված չեմ:

Հետևաբար, անցյալ շաբաթ օրը ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանին հայտնեցի կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին, մանավանդ որ շուտով ամենայն հավանականությամբ կանցնեմ մի աշխատանքի, որն ինձնից պահանջում է հավասարակշիռ դրական հարաբերություններ ունենալ բոլոր խորհրդարանական ուժերի հետ: