ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո աչքի ընկավ ոչ միայն հայտարարագրերում միլիոնավոր եկամուտների աղբյուրները թաքցնելով, այլ նաև մի շարք կարևոր հայտարարություններով: Մասնավորապես, Քյարամյանը ակնարկում էր, որ իր նախորդի՝ Դավիթ Սանասարյանի կառավարման շրջանում եղել են որոշակի խախտումներ, որ դրանք ստուգվելու են, իսկ իր կառավարման շրջանում Քյարամյանը սենսացիոն բացահայտումներ էր խոստանում:
Երկու ամիս առաջ հրապարակվեց ՊՎԾ հաշվետվությունը, որից պարզ դարձավ, որ Քյարամյանի գործունեությունը սպասվածի չափ բուռն ու սենսացիոն չստացվեց: Հաշվետվությունից, մասնավորապես, պարզ է դառնում, որ թե´ ստուգումների, թե´ բացահայտումների «առյուծի բաժինը» արվել է դեռևս ՊՎԾ նախորդ պետի ղեկավարման ամիսներին, իսկ թե ուր մնացին խոստացված սենսացիոն բացահայտումները՝ հայտնի է միայն Քյարամյանին: Ինչ վերաբերվում է ՊՎԾ-ում «քյարամյանական» դարաշրջանին, ապա արդարության համար նշենք՝ երիտասարդը ամեն դեպքում ձեռքերը ծալած չի նստել. ստուգումներ է նախաձեռնել ոստիկանությունում (ճիշտ է, այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել), հիմա էլ, կարծես թե, անցել է ԱԱԾ-ին: Երկու ուժային կառույցների ղեկավարներն էլ արդեն հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին, և, այս առումով, Քյարամյանի ձեռքերը ազատ են, եթե, իհարկե, նպատակը ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի վրա «կեղտ» գտնելը չէ:
Ի վերջո, Փաշինյանը ՊՎԾ-ն անվանում էր կոռուպցիայի դեմ պայքարի «բաստիոն» և հենց Փաշինյանի համար անհարմար վիճակ կստեղծվի, եթե մի քանի ամիս պարապության մատնվելուց հետո այդ «բաստիոնը»՝ կոռուպցիայի դեմ պայքարող ստորաբաժանումներից մեկը, մեղադրի մյուսին կոռուպցիայի մեջ: Հուսանք, որ մոտ ապագայում Քյարամյանի ղեկավարած կառույցը կսկսի արդարացնել հանրության սպասելիքները, հակառակ դեպքում' զավեշտալի պատկեր է ստացվում. կարող է պարզվել, որ Սանասարյանի՝ կառույցից հեռանալով երկրում վերացան նաև կաշառակերները և կոռուպցիոն մեխանիզմները, իսկ կոռուպցիայի միակ «որջը» մնացել են ուժային կառույցները, որոնց «պոչին» էլ ՊՎԾ-ն ամուր նստել է…