Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանրության մոտ այնպիսի սպասում կար, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի իսկական ժողովրդամետ օրենսդիր, երբ այնտեղ կիշխի մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նվիրվածությունը, երբ այնտեղ կաշխատեն ոչ թե ձևականորեն, այլ, իրոք, երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն ՀՀ առաջընթացին: Ցավոք, իրականությունն այս մի քանի ամիսների ընթացքում այլ բան ապացուցեց. ժողովրդի կողմից ընտրյալները այդպես էլ չգիտակցեցին, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալելը ԱԺ-ից ստացած բարձր աշխատավարձը կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումները չեն:
Բոլորովին վերջերս էլ կառավարությունն ԱԺ-ին իր պահուստային ֆոնդից հավելյալ գումար հատկացրեց, որովհետև ԱԺ-ն, դեռևս տարվա կեսը չանցած, այս տարվա գործուղումների բյուջեն արդեն սպառել էր: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ է մեկնել ԱԺ 8 հոգանոց պատվիրակություն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու համար։ Հետաքրքիր պատկեր է նաև ըստ քաղաքների այցերի առումով՝ սեպտեմբերի 24-27-ը՝ Թբիլիսի, 8 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 22-24-ը՝ Բեռլին, սեպտեմբերի 24-26-ը՝ Սոչի, 26-27-ը՝ Կալինինգրադ, սեպտեմբերի 16-18-ը՝ Մոսկվա՝ 7 հոգանոց պատվիրակություն, սեպտեմբերի 17-20-ը՝ Գիրեսուն (Թուրքիա), սեպտեմբերի 16-19-ը՝ Ժնև, սեպտեմբերի 8-12-ը՝ Լոնդոն, սեպտեմբերի 9-11-ը՝ Բրատիսլավա, սեպտեմբերի 17-19-ը՝ Կոպենհագեն, սեպտեմբերի 25-27-ը՝ Բիշքեկ։ Իսկ ահա ամենաուշագրավ այցը տևել է ամբողջ 21 օր՝ սեպտեմբերի 7-28-ը. խոսքը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի՝ Վաշինգտոն կատարած գործուղման մասին է։ Ավելորդ է նշել, որ այս գործուղումներին մասնակցելու նպատակով հայրենի երեսփոխանները բաց են թողել ԱԺ մի շարք նիստեր:
Իհարկե, գործուղումները անչափ կարևոր են և կազմում են խորհրդարանական դիվանագիտության անբաժանելի մասը: Սակայն այդ գործուղումները չպետք է լինեն հանուն «գալչկայի», այլ պետք է որոշակի գործնական դիվիդենտներ բերեն այն երկրին, որը ներկայացնում են տվյալ պատվիրակները: Թե որն է եղել ՀՀ հպարտ քաղաքացիների շահը և ինչ ենք մենք ստացել վերոնշյալ տուրերի կազմակերպումից՝ դժվար է ասել: Թերևս միայն «թավշյա» պատգմավորներն են ի կատար ածել եվրոպաները տեսնելու իրենց վաղեմի երազանքը: