Տարվա սկզբին պարզ դարձավ, որ վարչապետի աշխատակազմը խնայել է ավելի քան մեկ միլիարդ դրամ, ինչը կազմում է աշխատակազմի ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը։ Թվում էր, որ նման խնայողությունների դեպքում Էդուարդ Աղաջանյանի գլխավորած կառույցը կմնա համեստության սահմաններում, սակայն ոչ: Անցած ամիս պարզ դարձավ, որ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ։ Նախագծի հիմնավորման համաձայն, նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Տեղեկացնենք, որ նախագծում նշված չէ, թե խոսքը որ տարածքների, ինչ սարքավորումների ձեռքբերման մասին է։ Ըստ նախագծի՝ դրանք հույժ գաղտնի գնումներ են։ Այսօր էլ պարզ դարձավ, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու եւ պատշաճ ձեւով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 48 մլն 900 հազար դրամ:
Մեկ միլիարդ խնայողություն արած աշխատակազմի համար համաձայնեք՝ փոքր ծախսեր չեն: Դիցուք, թե այս ամիսների ընթացքում ինչ խոշոր գնումներ է արել վարչապետի աշխատակազմը. ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության կամ լիզինգի ծառայություններ՝ 2,250,000 դրամ, մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություններ ՝ 8,352,000 , 8,197,500 , 17,080,000 , 1,297,000 , 8,562,000 , 1,200,000 դրամ: քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպում և սպասարկում՝ 27,520,000: Ինչպես նաև միլիոնավոր դրամներ են ծախսվել ոչ բնակելի անշարժ գույքերի վարձակալությունների վրա: Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում ամիսներ առաջ նշել էր, որ խնայողությունների մի մասը ուղղվելու են շենքի վերանորոգման համար, որովհետև շենքը իրականում անմխիթար վիճակում է, ներսից հատակները ճռռում են :
Բացի այդ Աղաջանյանը հաստատել էր տեղեկությունները, որ նորերը տպագիր մամուլ չեն կարդում և հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից, խնայողություն են արել: Այդ դեպքում գուցե փոստային ծառայություններից էլ հրաժարվեին, հաշվի առնելով՝ որքան է ծախսվում վերջին ծառայության վրա: Ամեն դեպքում՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ մեծագույն ջանքերով խնայված գումարը ամբողջությամբ չի ծախսվել, դեռ մի բան էլ նոր գումարներ են դուրս գրվում պետական բյուջեից՝ նույնպես անչափ կասկածելի արդյունավետությամբ ծախսերի համար…