Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը կարծում է, որ իր որդու դեմ կատարված մահափորձը շփոթմունքի արդյունք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը: Նա ասաց, որ ոչ ինքը, ոչ իր որդին, ոչ ոքի հետ խնդիրներ չեն ունեցել՝ հավելելով, որ ձերբակալվածների հետ էլ ծանոթներ չեն եղել եւ նույնիսկ չեն էլ տեսել:

Նրա պնդմամբ՝ մինչեւ մահափորձը սպառնալիքներ, նախազգուշացումներ էլ չեն եղել, ուստի Բերդի քաղաքապետը կարծում է, որ կատարվածը շփոթմունքի արդյունք է: Նա ասաց, որ ձերբակալվածները դեռ խոստովանական ցուցմունքներ չեն տվել եւ չեն ասել, թե իրականում այդ քայլով ինչ նպատակ են հետապնդել:

Բերդի քաղաքապետը պատմեց, որ իրենք Բերդում են ապրում եւ շաբաթ օրը որդին եկել էր Երեւան հարսանյաց հանդիսության մասնակցելու համար: Հարություն Մանուչարյանը նաեւ տեղեկացրեց, որ որդին հիմա շատ լավ է, իսկ մյուս ազգականը, թեեւ հրազենային վնասվածք է ստացել, բայց բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ բողոքը հետ վերցնեն, հատկապես, եթե կարծում են, որ կատարվածը շփոթմունքի արդյունք է, քաղաքապետն արձագանքեց. «Իհարկե, ոչ: Իմ կարծիքով շփոթմունք է, բայց շփոթմունքի համար էլ են մարդիկ պատասխան տալիս»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը բացահայտել է Բերդի քաղաքապետի որդու դեմ մահափորձը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, թե մարտի 23-ին, ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում եւ շքամուտքում դեռեւս չպարզված հրազենով կրակել են 27-ամյա Անուշավան Մ.-ի եւ 40-ամյա Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի' 4 մմ եւ 5.6 մմ տրամաչափի 3 պարկուճ եւ 9 մմ տրամաչափի 2 գնդակ: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 25-ամյա Բեգլար Հ.-ն եւ 30-ամյա Հրանտ Հ.-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն եւ ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով' առանց փամփուշտների եւ «Մարգուլին» ատրճանակը' պահունակով' լիցքավորված 1 փամփուշտով: Բեգլար Հ.-ն եւ Հրանտ Հ.-ն ձերբակալված են: Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: