«Թուրքիան ՌԴ-ից գնել էր S 400 համակարգեր, և այս քայլով Թուրքիան որոշակիորեն օրակարգից դուրս է մղում այդ հարցը, Էրդողանը կիրառում է իր գործընկերոջ՝ Պուտինի ռազմավարությունը․ 2014 թ․ Ղրիմի դեպքերին հաջորդեցին Դոմբասի դեպքերը, ապա 2015 թ․ հետո մեկնարկեց Սիրիայում ռուսական ռազմական միջամտությունը, որը օրակարգից զգալիորեն դուրս մղեց ուկրաինական դեպքերը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիս արևելքում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների թեմային։

Ըստ փորձագետի՝ Թուրքիայի նախագահը փորձում է որոշակի խաղախության բնույթ հաղորդել իր գործողություններին, սակայն բուն նպատակը իբրև անվտանգության գոտու ձևավորումն է, որպեսզի Սիրիայից դեպի Թուրքիա գաղթած միլիոնավոր փախստականների բեռը իր ուսերից թոթափի, սակայն, ըստ էության, անվտանգության գոտին սեպի դեր է խաղալու Թուրքիայի քրդերի և Սիրիայի քրդերի միջև։ Բանախոսը կարծում է, որ Թուրքիան նույն այդ անվտանգության գոտին կարող էր ձևավորել իր տարածքում։ 

«Արևմուտքի կողմից հնչող ոչ մի սպառնալիք, պատժամիջոց ունակ չէ կանգնեցնել Թուրքիային։ Փորձը ցույց է տալիս, որ եթե Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում գրանցվում է որևէ վակուում, Պուտինը անմիջապես լցնում է առաջացած այդ վակուումը, նա անմիջապես փորձում է գոհացնել Թուրքիային այնպիսի հարցերում, որոնցում Թուրքիան նեղացած է արևմուտքից»,-ասաց նա ու հավելեց, որ Թուրքիայի ամենախոցելի տեղը տնտեսությունն է և որ ամենաարդյունավետը կլինեն տնտեսական պատժամիջոցները։ Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ի պատժամիջոցներին միանան արևմուտքն ու արաբական լիգան, ապա այդ դեպքում կարող է գալ Էրդողանի կարիերայի վերջը։

 

«Թուրքիային կանգնեցնելու իրականում մեկ հստակ քայլ կա․ դա զորքի դուրս բերումն է նրա դեմ, որի հնարավորությունը ուներ ԱՄՆ-ը, սակայն չօգտագործեց, այսօր այդ հնարավորությունը ունի Սիրիայի արաբական հանրապետության բանակը՝ ՌԴ-ի օգնությամբ»,-լրագրողների հետ հանդիպանն իր դիրքորոշումը հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Հարցին, թե որը կլինի Թուրքիայի համար կարմիր այն գիծը, որը նա չի անցնի, բանախոսը նշեց, որ գործողությունը սկսելուց առաջ պարզ է, որ եղել են պայմանավորվածություններ մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ ՌԴ-ի և Իրանի հետ։ Կարմիր գծեր կտեսնենք կարևոր դերակատար երկրների կտրուկ արձագանքի դեպքում։

Փորձագետները նշում են՝ 2016 թ․ սկսած բոլոր տարիները դարձել են Սիրիայում Թուրքական ձեռքբերումների տարի։