«Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7-8 տոկոս տնտեսական աճ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ տնտեսական աճի արդյունքում կլինի նաև զբաղվածության աճ, որի արդյուքում կնվազի գործազրկությունը:
«Քանի որ տարվա վերջն արդեն սարերի ետևում չէ ու մենք ունենք արդեն 8 ամսվա հայտնի, 9-րդ ամսվա նախնական պատկերացումներ, գտնում ենք, որ դա նվազագույն ցուցանիշն է, որ կարձանագրենք»,-ասաց նա:
«Մենք պետք է ունենանք, երկարաժամկետ առումով, տնտեսական աճի պոտենցիալն էապես ավելացնելու խնդիր ու այդ ուղղությամբ, իհարկե, ծրագրեր ենք մշակում: Ռիսկեր միշտ կան և ոչ մի համակարգ առանց ռիսկերի չի զարգանում: Ռիսկերը հենց նրա համար են, որ ճիշտ հասկացվեն, գնահատվեն: Ռիսկերի պատճառով մենք չենք կարող հրաժարվել մեր նպատակներից»,-ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նշեց, թե այն հինգ տոկոսը, որ կանխատեսել էին եկող տարվա համար, կլիներ ամենապահպանողական, նվազագույն ակնկալիքը՝ տարվանից։
«Բայց կարծում ենք, որ տեղի ունեցող փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել»,-ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը: