Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու՝ օրենքի նախագիծը: Օրենքի դրական ու բացասական կողմերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Ավտովարորդների լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանի հետ:
«Այս հարցը կարելի է դիտարկել 3 հարթության վրա՝ ազգային ավանդույթների հետ հարաբերակցության առումով, իրավակարգավորման առումով և փաստարկվածության առումով: Որքանո՞վ ճիշտ կլինի ոչ պրոֆեսիոնալի կողմից ոչ պրոֆեսիոնալ սարքավորումով նկարահանված տեսանյութը կամ նկարը, որը արձանագրում է խախտում, օրենքի ուժ ունենա»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ նախ նման վարքը դեմ է ազգային մտածողությանը. «Եթե մենք դիմում ենք հասարակության աջակցությանը և օրենքով դա ամրագրում, նշանակում է, որ պետական ապարատը կամ չի ցանկանում, կամ չի կարողանում, կամ նրա ուժերը չեն բավականացնում արդյունավետ պայքար մղել խախտումների դեմ»:
Հովհաննիսյանը նշեց նաև, թե արդյո՞ք օրենքի կիրառումը, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հետ հետագայում՝ առանձին-մասնավոր դեպքերով խնդիր չի առաջացնի, պետք է հիշել՝ այնտեղ, որտեղ ավարտվում է Ձեր իրավունքը, սկսում է իմ իրավունքը:
«Իրավակարգավորման առումով յուրահատուկ եմ համարում, ըստ անհրաժեշտության, երկու կողմերի առերեսումը: Խախտումն արձանագրողը պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում ներկայանալ դատարան: Իմ փորձից ելնելով՝ կարող եմ փաստել, որ դա գրեթե անհնար է: Մեր մտածողությունն այլ է, ու վկաները միշտ չէ, որ համաձայնում են ցուցմունք տալ»,- ընդգծեց նա:
Հովհաննիսյանը կարծում է, որ, ըստ էության, ԱԺ-ն կանխարգելիչ գործառույթով է օժտել շարքային քաղաքացուն, որը համապատասխան պատրաստություն չունի տվյալ բնագավառում: Այսինքն՝ օրենքի կիրառումից հետո կունենանք մեծ հոսք այն պետական մարմինը, որը արձանագրելու և կազմելու է համապատասխան վարչական իրավախախտման համար տույժ կիրառելու որոշում:
«Մեր հանրապետությունում ճանապարհային երթևեկության կարգավորումը իրականացվում է մի շարք բացթողումներով: Ու մտահոգիչ է, որ քաղաքացին մտնում է այդ դաշտ: Օրենքի նախագծի հեղինակները պատկերացում չունեն մեր սոցիալ-հոգեբանական առանձնահատկության մասին, քանի որ նրանցից որևէ մեկը լուրջ կառավարման փորձ չունի»,- ընդգծեց նա:
Հովհաննիսյանը չի բացառում, որ օրենքը գուցե բերի մի փոքր դրական տեղաշարժ, բայց դա կլինի սոցիալական լարվածության հաշվին:
«Որակով ճանապարհային ոստիկանների պակասի, լավ կադրերի բացակայության պատճառով է, որ Աժ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը՝ ասելով՝ քաղաքացիներ եկեք, նկարեք, ուղարկեք»:
Հիշեցնենք, որ այս օրենքի նախագիծը ընդդիմության կողմից որակվել էր որպես «գործ տվողների» մասին օրինագիծ:
Լուսինե Մարդոյան