Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, պատճառը, սակայն, այս անգամ ոչ թե փայտի մաֆիայի հետ լեզու գտնելն է, այլ վերջին օրերին հայ հասարակության համար, թերևս, ամենացավոտ հարցը՝ գաղտնի կերպով բյուջեն տնօրինելու հանգամանքը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հոկտեմբերի 18-ին որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 25 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով, ընդհանուր 2 միլիոն 475 հազար դրամի չափով, միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չեն այդ որոշման հավելվածը, դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները։ Մարզպետի ընդունած դրամական աջակցության մասին նախորդ որոշումների հավելվածները եւս հրապարակված չեն մարզպետարանի կայքում:
Իհարկե ՝ սոցիալապես անապահով խավերին օգնելու հարցում որևէ կրիմինալ չկա և չի կարող լինել: Կրիմինալը այդ գործընթացը գաղտնի կազմակերպելն է , մի պարագայում, երբ հայրենի չինովնիկների ամեն քայլ պետք է ուղղված լիներ իրենց հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը: Հետաքրքիր է, իսկ ինչ գնումներ է կատարել մարզպետարանը, որոնք, այսպես ասած, փորձ չի արվել թաքցնել հանրության հայացքից:
Դիցուք, պետական գնումների կայքից տեղեկանում ենք, որ այս ընթացքում մարզպետարանը մի շարք ռազմավարական գնումներ է կատարել, մասնավորապես, 100.000 դրամով ձեռք բերելով լուսարձակներ, 135.000 -ով ձեռքբերված ղեկավարի բազկաթոռ, 350.000-ի՝ ավտոլվացման ծառայություններ: Ինչպես տեսնում ենք, անգամ հանրության աչքի առաջ, այսպես ասած՝ բաց կատարվող ծախսերը մեծ հարցեր են առաջացնում: Արդյո՞ք սահմանամերձ մարզում չպետք է դողան ամեն մի լումայի վրա, ինչպես պահանջում է անել վարչապետ Փաշինյանը և ոչ միայն նա, այդպես պահանջում է վարվել նաև պետական մտածողությունը, որից, ցավոք, Նոր Հայաստանի չինովնիկների մեծ մասը հեռու է…