Օրեր առաջ ՊԵԿ-ը հրապարակել էր այն երգիչ-երգչուհիների ցանկը, ովքեր հայտարարագրել էին իրենց եկամուտները: Նախաձեռնության մեկնարկը այս տարվա ապրիլին էր: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց եկամուտը հայտարարագրած երգիչներից մեկի՝ Արսեն Սաֆարյանի հետ:
«Ես նամակ ստացա, որով ինձ հրավիրում էին ՊԵԿ: Նամակում նշված էր նաև, թե որ երկրներում եմ եղել ու քանի համերգ եմ ունեցել: Ներկայացա, ունեցանք զրույց: Ես, բնականաբար, ասացի, որ խուսափելու խնդիր չունեմ: 2019 թ. մայիսից ես մտել եմ հարկային դաշտ, սակայն ինձնից պահանջվում էր 2018 թվականից: Այստեղ էր անհամաձայնությունս: Նույն հաջողությամբ կարելի էր 2014 թվականից պահանջել, որը մի քիչ աբսուրդային է դառնում»,- նշեց Սաֆարյանը:
Երգիչը շեշտեց, որ ինքը վճարումն արել է 23 տոկոսով, որպես ֆիզիկական անձ. «Անկեղծ ասած՝ գնացել էի որպես ԱՁ, վճարելու 5 տոկոսով: Բայց քանի որ 2018 թվականին ԱՁ չէի, ստիպված էի վճարել որպես ֆիզիկական անձ, այսինքն՝ ավելին քան նախատեսել էի»:
Սաֆարյանի համոզմամբ՝ եթե նախկինում ինչ -որ սխեմա չի աշխատել, թող աշխատեցնեն, բայց չի կարելի հետ գնալ: Պետք է առաջ նայենք: Անիմաստ է փորփրելը, անցած տարեթվերի հարկերը գանձելը:
«Ես դեմ չեմ հարկ վճարելուն, բայց կարծում եմ, որ պետք է որևէ տարբերություն լինի՝ մարդը կաթ է արտադրում, թե երգ: Չէ՞ որ, մեր արտադրանքն էլ երգն է: Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր դա անել, բայց շատ լավ կլիներ, որ տարբերակումներ լինեին»,- ընդգծեց Սաֆարյանը:
Երգիչը սրտնեղեց, թե այնպիսի տպավորություն է եղել, ասես բոլորը հարկեր վճարել են, բացի այն 15 երգչից, որոնք հայտարարագրել են իրենց եկամուտները. «Չգիտեմ, գուցե, իրոք, մենք էինք Հայաստանը հարստացնողները կամ աղքատացնողները»:
«Եթե մենք ենք օրինակ ծառայողները, ոչ մի խնդիր՝ պատրաստ ենք վճարել հարկերը: Ու թող բոլորը դառնան օրինապահ»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Սաֆարյանը: