Մենք պետք է հզոր պետություն ունենանք։ Պատերազմը մեր քթի տակ է, մենք առավոտից երեկո դատավարություններով ենք զբաղվում։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված սպարապետի Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։
«Այդ դատավարությունները կհամբերեն, պատերազմը չի համբերելու: Մենք լուրջ խնդիրներ ունենք տնտեսության առումով, երկրի զարգացման առումով և, իհարկե, դատաիրավական համակարգի բարեփոխման առումով: Առանց այդ բարեփոխման որևէ դատավարություն հույս չի ներշնչելու»,-ասաց Արամ Սարգսյանը։
Հարցին, թե արդյոք 20 տարի անց նա դեռ վաղաժամ է համարում հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը, Սարգսյանը պատասխանեց.
«Կարևորը 20 տարին չէ, կամ 30-ը, ես կուզենայի, որ հոկտեմբերի 27-ից 1 տարի հետո տեղի ունեցած դատավարությանն ամեն ինչ բացահայտված լիներ, բայց չբացահայտվեց: Հիմա քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանի դատական համակարգը լուրջ խնդիրների մեջ է, խնդիրներ ունենք անգամ Սահմանադրական դատարանում։ Ինչքանով ենք մենք վստահում այսօրվա դատարաններին, ինչքանով են այսօրվա դատավորները նախկինների հետ կամ ինչքանով են ուզում այսօրվա իշխանություններին հաճոյանալ։ Ես այս հարցի պատասխանները չունեմ և քանի որ չունեմ, այո գտնում եմ, որ այս փուլում գործի վերաբացումը վստահություն չի ներշնչում»: