Ամիսներ առաջ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանրային քննարկում-սեմինար՝ նվիրված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին և դրանցից բխող խնդիրներին։

Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսև, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների և հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։ Այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ի միջոցով կառավարությունը փորձում է վերահսկելի դարձնել Հայաստանի տարածքում գործող հասարակական կազմակերպությունները: Ո՞րն է դրա նպատակը: Պարզ է, որ գործող օրենքը հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում բավական ակտիվ մասնակցություն ցուցաբերել ներքաղաքական գործընթացներին:

Այն, որ ՀԿ-ը կարող է ինչ-ինչ ֆորմատով մտնել քաղաքական դաշտ, սատարել այս կամ այն քաղաքական ուժին՝ գաղտնիք չէ: Ավելին, ամիսներ առաջ մամուլում պարբերաբար խոսվում էր այն մասին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավական մեծ գումարներ է ծախսում Հայաստանում ՀԿ-ներ հիմնելու համար, որոնք հետագայում պետք է ակտիվորեն ներգրավվեին քաղաքական գործընթացների մեջ: Նման փոփոխություններով կառավարությունը առաջնահերթ փորձում է կանխել հենց վերոնշյալ սցենարի իրականացումը, հատկապես, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները, և վերջիններիս հետ սերտ հարաբերություններ ունեցող գործիչները արդեն իսկ ձեռնամուխ են եղել ՀԿ-ի ստեղծմանը, թերևս, նախընտրելով խաղից դուրս չմնալու հենց այդ տարբերակը: Բնական է, որ նախագծերի ընդունման դեպքում ՀԿ-ի անկախությունը և մանևրելու հնարավորությունը խիստ սահամանափակվելու է, իսկ պետությունը ձեռք է բերելու վերջիններիս վրա ազդեցության լուրջ լծակներ:

 
Սակայն այս ողջ պատմության մեջ կա մեկ բայց, արդյո՞ք վերահսկողությունը տարածվելու է նաև Հայաստանում արտասահմանյան կապիտալով բացված ՀԿ-ի՝ մասնավորապես «Բաց հասարակության հիմնադրամի»-ից ֆինանսավորվող Հայաստանյան ՀԿ-ի վրա: Դժվար թե իշխանությունները գնան նման քայլի, իսկ տվյալ դեպքում ունենալու ենք մի պատկեր, երբ դաշտը կմաքրվի, և այստեղ դոմինանտ կդառնան հենց Արևմուտքից սնվող արտասահմանյան ՀԿ-ները, ի դեմս՝ «Սորոսի հիմնադրամ»-ի: Պատահական է արդյոք Հայաստանում ՌԴ դեսպանատան մտահոգությունը, որը հնչեց բառացիորեն երեկ: Տարածած հայտարարության մեջ դեսպանատունը «Արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներին եւ ԶԼՄ-ներին» մեղադրում է հայ-ռուսական հարաբերությանը վնասելու, կապը խզելու ջանքի համար: Թե, հատկապես, ինչ կառույցների եւ ԶԼՄ-ների նկատի ունի ՌԴ դեսպանատունը, հայտարարության մեջ մանրամասնված չէ: Դեսպանատունն անընդունելի է համարում, որ այդ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները քննարկում են հայ-ռուսական հարաբերության հարցը, ռազմակայանի հարցը եւ այլն: Առանց բացահայտ անուններ նշելու էլ պարզ է, որ դեսպանության հայտարարությունը վերաբերվում է Հայաստանում վերջին շրջանում ակտիվացած սորոսականներին, ովքեր հակառուսական քարոզչության հարցում արդեն իսկ դուրս են եկել ՀՀ սահմաններից՝ հասնելով ԱՄՆ կոնգրես: Իհարկե՝ դեսպանությունը կարող էր իր մտահոգությունը հայտնել դիվանագիտական խողովակներով, այսպես ասած՝ կուլուարներում, առանց հարցը հանրայնացնելու: Այն, որ նման կոշտ հայտարարությունը արվում է հրապարակային, ենթադրում է, որ դեսպանատան հայտարարության հասցեատերը շատ հստակ է, և ռուսական կողմը բացահայտ ակնարկում է Նիկոլ Փաշինյանին, որ սորոսականներին քարտ-բլանշ տալը իրենց սրտով չէ…
 
Բազմիցս է խոսվել այն մասին, որ հեղափոխությունից հետո նախկին և ներկա իշխանությունների միջև ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունները ենթադրում էին ՀՀ դուրս բերումը ՌԴ ազդեցության ոլորտից և արևմտյան ծիր տանելը: Սակայն հեղափոխությունից հետո Փաշինյանը չի շտապում իրագործել պայմանավորվածությունները, փորձում է մանևրել, սիրաշահելով՝ մերթ ռուսներին, մերթ Արևմուտքին, սա ոչ այլ ինչ է, քան փորձ՝ նստել միանգամից երկու աթոռի վրա: ՀԿ-ի մասին օրենքի փոփոխությունը ենթադրում է քարտ-բլանշ՝ արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ին, հետևաբար կարող ենք փաստել, որ սա, ի հեճուկս, ռուսների՝ Փաշինյանի հերթական ռևերանսն է արևմուտքի նկատմամբ…