Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն այնպիսի զինատեսակներ է վաճառում, որոնք երբեք որևէ այլ երկրի չի վաճառել:
Այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, պատասխանելով Ռուսաստանի Դաշնության կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:
«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այն զենք է վաճառում նաև իր դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում' Հայաստանին վաճառում է ավելի շատ, այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների»,- ասաց Կալաշնիկովը:
Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ «Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Իսկ նախորդ տարի օգոստոսի 21-ին Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել էին պայմանագիր Հայաստանում «Կալաշնիկովի» նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։