Այսօր առավոտից ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում դասադուլ է: Միջանցքներում հավաքված ուսանողների ու նրանց աջակցող որոշ դասախոսների բողոքն ուղղված է ԿԳՍՄ նախարարության բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը պարտադիր չի լինի բուհերում:
Դասադուլը, ըստ դասախոս Արշալույս Գալստյանի, սկսվել է ուսանողների նախաձեռնությամբ, և դասախոսներից միացել են նրանք, ովքեր ևս խնդիր են տեսնում օրենքի նախագծի մեջ:
«Որպես դասախոս, ես աջակցում եմ իմ ուսանողներին, ես վտանգավոր եմ համարում այս նախագիծը ոչ թե այն առումով, որ մի քանի հարյուր դասախոս կզրկվեն աշխատանքից, այլ որ հայոց լեզուն՝ մեր ազգային ինքնությունը պահպանող կարևորագույն բաղադրիչը, ուղղակիորեն դուրս է մղվում կրթական համակարգից: Կարիք կա բովանդակային փոփոխություններ անելու, իհարկե, շատ են թերությունները, բայց սա պատճառ չէ առարկան հանելու համար»:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ևս ուսանողների կողքին էր, նրա պնդմամբ օրենքի նախագիծը ԵՊՀ գիտական խորհրդում ևս ստացել է բացասական գնահատական, նույնկերպ նաև մյուս բուհերի գիտխորհուրդներում, և թեկուզ այս պատճառով, նախագիծը պետք է հետ կանչվի: Քայլերի հաջորդականությունը պետք է ճիշտ ընտրվի, դպրոցը պիտի տա բավարար գիտելիք, եթե համալսարանում պարտադիր չէ այդ առարկայի ուսուցումը:
«Ցավող ատամը մինչև հեռացնելը, պետք է բուժման եղանակը փորձել»,-ասաց Ափոյանը: Ուսանող Սամվել Եղիազարյանի և մի շարք այլ ուսանողների նախաձեռնությամբ սկսվել է ստորագրահավաք, որով պատրաստվում են դիմել ՀՀ վարչապետին ու նախագահին, հավաքվել է մոտ 500 ստորագրություն: Ստորագրահավաքին մասնակցել են տարբեր բուհերի ուսանողներ: Ուսանողները հավաստում են, որ միայն դասադուլով չի սահմանափակվելու իրենց բողոքը: