Կոտայքի մարզի Գետարգելի եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, այսօր՝ նոյեմբերի 6-ին, հայտնաբերվել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր եւ այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այս մասին ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցի, որտեղ մոմ են վառում եւ միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում:
Թե ով եւ ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանությունը:
Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր եւ տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»:
Նա նշել է, որ իրենք ոչ թե թափել են, այլ այդ ամենը եկեղեցուց դուրս են բերել ու դասավորել ձորում, սակայն անզեն աչքով էլ երեւում էր, որ այդ պարագաները եկեղեցուց դուրս են բերել եւ անփույթ լցրել ձորում:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, որոնք փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները: