Արցախի հարցում ՀՀ կառավարության տեսակետը մինչև հիմա չգիտենք: Հնչում են իրար հակասող տեսակետներ, բայց վերջնական ու հստակ մոտեցում դեռ չենք լսել: Փոխվում են միայն ձևակերպումները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: Նա նաև անդրադարձավ վարչապետի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին:

«Մենք պետք է հասկանանաք, թե ինչն է փոխարինվում այդ ձևակերպմամբ: Իրականում՝ ունենք մի ֆունդամենտալ փաստաթուղթ, որի երեք սկզբունքները միջազգային հանրությունը հիմք է տեսել՝ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Ընդ որում, դա ունիկալ է, քանի որ այլ  կոնֆլիկտների համար այն չի գործում: Գիտենք՝ կան կոնֆլիկտներ՝ կապված Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ, բայց դրանցից որևէ մեկի համար միջազգային հանրությունն այդ երեք սկզբունքները չի որդեգրել: Ուզում եմ հատուկ նշել, որ այդ երեք սկզբունքների մեջ կա մի չափազանց  կարևոր սկզբունք, որը կոչվում է «ազգերի իրավահավասարության և ինքնորոշման  սկզբունք»,- ասաց Մինասյանը: 

Նրա խոսքով՝ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, կառավարությունը, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները չեն օգտագործում «ազգերի ինքնորոշման սկզբունք» տերմինը և դրա փոխարեն շրջանառության մեջ են դնում՝  երեք ժողովուրդների կարծիքի համընկնումով խնդրի լուծման տարբերակը:

 

«Ուզում եմ հատուկ նշել՝ մենք պետք է հասկանանաք, թե որը ինչով ենք փոխարինում: Ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա խնդրի լուծման միակ աղբյուրը Արցախի ժողովուրդն է: Ինչպես կորոշի Արցախի ժողովուրդը, այդպես էլ խնդիրը կլուծվի: Ընդ որում, այդ որոշումը պետք է լինի պարտադիր իրավական ուժ ունեցող: Ահա այս կարևոր սկզբունքը փոխարինվում է՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների տեսակետների համընկնման հետ»,- ասաց նա:

Մինասյանը հատուկ նշեց, որ չկա ու չի կարող լինել այնպիսի լուծում, որը կգոհացնի երեք կողմին էլ. «Դուք չեք գտնի մի կոնֆլիկտ, որի լուծումը ընդունելի լինի այն երկրի ժողովրդին, որից, ըստ էության, ինքնորոշման ճանապարհով անկախացել են: Այդպես չի լինում: Դա լինում է միայն իրավական ուժի գերակայության շնորհիվ»:

 

 

 

Նրա խոսքով՝ մեր իշխանական օղակները պետք է զգույշ լինեն նման հայտարարություներ անելիս, քանի որ, երբ Փաշինյանը նման բան է ասում, մյուսները կրկնում են, արդյունքում՝ շատ կարևոր կետ է մոռացվում կամ շրջանառությունից դուրս գալիս. «Ու հենց այստեղ էլ շրջանառության մեջ է մտնում խնդրի լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի երեք կողմերին էլ: Բայց, ըստ էության, այդ պետություներից մեկը  չճանաչված պետություն է: Սա խնդրի լուծումը տանում է դեպի փակուղի: Այն պարագայում, երբ նախորդ մոտեցումը, ճիշտ բանալի է խնդրի լուծման համար, քանի որ այնտեղ խնդրի լուծման միակ աղբյուրը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է և իր ինքնիշխան կամքը»:

Մինասյանը ցավով նշեց, որ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի նոր իշխանությունը հրապարակավ չի ներկայացրել իր տեսակետը. «Չկա մի ելույթ, փաստաթուղթ, որով Հայաստանի իշխանություները Արցախի կարգավորման  հարցում իրենց տեսակետը ներկայացրած լինեն: Եղել են մի շարք հայտարարություներ, որոնք մեկը մյուսին հակասում են»:

Նա նշեց, որ Հայաստանի վարչապետին Արցախի ժողովուրդը չի ընտրել, հետևաբար Փաշինյանը իրավասու չէ բանակցություններում որևէ բան ասել Արցախի անունից. «Արցախի ներկայացուցիչը պետք է բանակցություներին մասնակցի: Որևէ մեկը չի կարող նրա փոխարեն դա անել: Այսինքն՝ սա մի կոնցեպտ է, որը նշանակում է՝ Արցախը լրիվ առանձին սուբյեկտ է»:  

 

Գագիկ Մինասյանը, մեջբերելով Փաշինյանի այն միտքը, թե Ղարաբաղում կան դավադիր մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ պատերազմ հրահրել, պարտվել այդ պատերազմում և մեղքը գցել Հայաստանի կամ վարչապետ Փաշինյանի վրա, հակասում է իր նախորդ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» մտքին և, հետևաբար, պետք է ՀՀ իշխանությունը հրապարակի կոնկրետ դիրքորոշում կամ տեսակետը, որը չի փոփոխվի տարբեր ելույթներում:

Լուսինե Մարդոյան