Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: Այս նշանակումը, սակայն, միանշանակ չի ընդունվել ՀՖՖ-ի գործկոմի, ավելի ճիշտ կլինի ասել՝ ՀՖՖ իշխանական թևի կողմից: ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաեւ ՀՀ վարչապետի խորհրդականն է, այս առնչությամբ հայտարարություն է տարածել, թե ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ. «Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է, նույնպես արձագանքել է կատարվածին՝ նշելով. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ՀՖՖ գործկոմի անդամ Հակոբ Սիմիդյանն այս առնչությամբ գրել է. «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին»: Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նույնպես տարածել է Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը՝ չակերտելով «նշանակում» բառը»:

Պետք է նշել, որ ՀՖՖ գործկոմը ունի նաև այլ անդամներ, շատ ավելի մոտ կանգնած ֆուտբոլային աշխարհին և բուն սպորտաձևին, սակայն աղմուկը, չգիտես ինչու, բարձրացնում են մարդիկ, ովքեր մինչ այս պահը թերևս չէին էլ հիշում, որ իրենք Գործկոմի անդամ էին, էլ չենք խոսում՝ կանոնադրությանը ծանոթ լինելու մասին: Պարզից էլ պարզ է, որ տեղի ունեցողը ֆուտբոլի հետ որևէ կապ չունի, և հարցը պետք է դիտարկել զուտ քաղաքական համատեքստում: ԱԱԾ համակարգից Վանեցյանին հեռացնելուց հետո իշխանությունները նոր արշավ են սկսել վերջինիս դեմ, նպատակն էլ Վանեցյանին նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելն է: Պատճառը պարզ է. Վանեցյանը հեռանալուց հետո բազմիցս ակնարկել է, որ կարող է գալ նաև իր՝ ժողովրդի հետ անկեղծ զրույցի պահը և հենց դա է ստիպում իշխանություններին նոր գրոհ սկսել Վանեցյանի դեմ:

Դրան զուգահեռ գործի են դրվում նաև այլ ռեսուրսներ, օրինակ՝ ՊՎԾ-ն նախատեսում է ստուգումներ անցկացնել ԱԱԾ-ում, իսկ «Սասնա ծռեր»-ի խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը դատարանում ցուցմունք տալիս՝ առանց որևէ տողատակի, խոսում է այն մասին, որ Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։ Վանեցյանը արձագանքել է այդ մեղադրանքին՝ այն անվանելով անհեթեթություն: «Ես ունեմ իմ գնահատականն այդ ամենի հետ կապված և դրա մասին կխոսեմ ինչ-որ մի ժամանակ և հստակ կներկայացնեմ իմ դիրքորոշումը»,- ասել է Վանեցյանը: Սա ևս մեկ ազդակ էր, որ Վանեցյանը ասելիք ունի, և այդ ասելիքը բարձրաձայնելու պահը մոտենում է: Նման հայտարարությունից հետո Վանեցյանի անձի շուրջ արհեստականորեն սրվող ֆուտբոլային կրքերը դժվար է համարել պարզապես պատահականություն կամ զուգադիպություն…