Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցներն, ովքեր ամիսներ շարունակ դժգոհում են, թե աշխատավարձ չեն ստացել՝ պնդում են, թե ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, այդ մասին իրենց հայտնել են հենց արտադրամասից: Աշխատակիցները պատմում են նաև, թե արտադրամասից հանվում են սարքավորումները և տեղափոխվում այլ տեղ։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Սասստեքս» կարի արտադրամասի գլխավոր հաշվապահ Անուշ Հակոբյանը հերքեց լուրերը, ամեն դեպքում նա փորձեց վստահեցնել, որ արտադրամասը շարունակում է իր բնականոն գործունեությունը․ «Մենք աշխատել, աշխատում և աշխատելու ենք։ Այդպիսի բան չկա, ոչ մի սարքավորում դուրս չի եկել ֆաբրիկայից, դրանք սուտ լուրեր են։ Մեր տնօրենը գործուղման է գնացել, բանակցություններ է վարում, մենք նոր պայմանագրեր ենք կնքում, որ հունվարից աշխատենք, ինչի՞ մասին է խոսքը։ Լուրեր են տարածվել, թե սարքավորումները տեղափոխվում ենք Արցախ, բայց դա հերյուրանք է, գուցե շփոթում են օրերս բացված «Սարտեքս» ընկերության հետ, ես լսել եմ, որ իրենք են նոր արտադրամաս բացում Արցախում»,- ասաց գլխավոր հաշվապահը։
Խոսելով կարի արտադրամասոի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին՝ Հակոբյանն ասաց, որ շինարարության մի մասն՝ առաջին փուլը, ավարտել են, բայց պետք է շարունակեն երկրորդ փուլով։ Ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատավարձերը չվճարելուն՝ Հակոբյանը նկատեց․ «Մենք գործընկեր են կորցրել՝ անորակ արտադրանք տալու պատճառով։ Նույնիսկ արտադրամասի տեխնոլոգին ուղարկեցինք Լեհաստան, որ տեսնի՝ արտադրանքն անորակ է եղել, թե ոչ։ Դրանով պայմանավորված խնդիրներ եղել են, բայց դա ամիսներ առաջ էր»,- ասաց նա։
Ի վերջո՝ աշխատակիցների կրճատումներ եղե՞լ են, թե ոչ՝ ի պատասխան Հակոբյանն ասաց, թե ովքեր վատ աշխատողներ են, բնական է՝ չեն պահելու․ «Ովքեր լավ կարողներ են, նրանց ենք պահում։ Այդքան անորակ ապրանքը գնաց, հետ եկավ, իրանք պնդում էին, թե իրենց կարածը չի, բայց մեր տեխնոլոգը գնացել համոզվել է, որ իրենցն է»։
Դիտարկմանը՝ հենց ա՞յդ աշխատողներն են հեռացվել՝ Հակոբյանն իրեն հակասող պատասխան տվեց․ «Դե էդպես հեռացումներ չեն եղել, էնպես չի, որ հեռացրել ենք, բայց չեն աշխատի, հլը մեր տնօրենը գործուղումից գա, բան կանենք»,- ասաց Հակոբյանը։
Նշենք, որ ընկերության աշխատակիցների խոսքով՝ հուլիսի 23-ին կայացած տնօրինության հետ վերջին հանդիպումից հետո մինչև օրս ֆաբրիկայի 120 աշխատակից չվճարվող արձակուրդում է՝ անհայտ հեռանկարով:
Հիշեցնենք, որ «Սասստեքս»ը ընկերության հիմնադիրներն են Քրիստիան Գելիջին և գործընկերներ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշին և իր եղբայրները։
Սոնա Հարությունյան