Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբեր 10-ին Գյումրիում էր:
Փոլ Ռիչարդ Գալագերը Գյումրիում հանդիպում ունեցավ հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցեց Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանի մատուցած սուրբ պատարագին:
Պատարագը մատուցվեց համապատարագությամբ Արհիապատիվ Փոլ Ռիչարդ Գալագերի և Պապական Նվիրակ՝ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի: Պատարագին ներկա էին նաև հայ կաթողիկե թեմի քահանաներ, վարդապետներ:
Պատարագի ավարտին հայ կաթողիկե համայնքի անունից, ողջունելով Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի այցը Գյումրի, Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանը նշեց, որ սա լավ առիթ է ամբողջ կաթողիկե համայնքի համար՝ լսելու հայրական խոսքը:
Մեկնելով պատարագին ներկայացված Սաղմոսաց գրքի ներկայացված հատվածը՝ Արհիապատիվ Գալագերը նշեց. «Լսելով այս խոսքերը՝ մեր սրտում մղում ենք զգում ուժգին կերպով ապրելու Փրկչի հետ մեր հանդիպումը, որն իր գագաթնակետին հասնում է Սուրբ Պատարագի ծիսակատարության ժամանակ, այս պահն է, որի ընթացքում պետք է որդիական ապավինով հանձնվենք մեր Աստծոն, բայց դրա համար պետք է կառուցենք հիմք…Վատիկանում՝ Պապական պալատների սրահներից մեկում՝ պատին, գրված է «Հավատքով և Աստծո հանդեպ վստահությամբ մարդը ոչնչից չի վախենում և ոչ մի բան չի խոչընդոտում իր ճանապարհին, մինչդեռ մի հավատացյալ մարդ՝ առյուծի քաջությամբ է դիմագրավում դժվարին խոչընդոտներով լի իրականությունները»: Այս խոսքերը, կարծում եմ, շատ լավ են հարմարվում հայ ժողովրդին, որը դարերի ընթացքում քաջությամբ ու վճռականությամբ դիմագրավել է բազմաթիվ տառապանքներ ու փորձություններ»:
Անդրադառնալով Հայաստան կատարած իր այցին՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ողջույնը նշելով. «Նա ինձ խնդրեց փոխանցել ձեզ, որ աղոթում է ձեր համար, նաև ի հիշատակ ու ի շարունակություն 2016 թվականին Հայաստան կատարած իր ճամփորդության և հատկապես ի հիշատակ այն Սուրբ պատարագի, որ նա այստեղ՝ Գյումրիում, մատուցեց: Սրբազան քահանայապետը, ինչպես հաճախ կրկնում է իր առաքելական կոնդակներում, ձեզանից յուրաքանչյուրին քաջալերում է մասնակցել Ավետարանի շնորհին՝ ուրախությամբ, բերկրանքի մեջ, սրտի մղումով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ, որ ապրում ենք ամեն օր: Նա ինձ խնդրել է ներկաներիդ ու ձեր սիրելիներին փոխանցել իր օրհնությունը՝ բոլորիդ հանձնելով սուրբ կույս Մարիամի բարեխոսությանը»:
Ավարտին համայնքի անունից և ի հիշատակ Գյումրի կատարած այցի, Արհ. Տ. Ռաֆայել Արք Մինասյանը Արհիապատիվ Փոլ Ռիչարդ Գալագերին նվիրեց խորհրդանշական սկիհ: