Այն, որ Նիկոլ Փաշինյանն ավելի ակտիվ և նախաձեռնող է եղել որպես ընդդիմադիր պատգամավոր, նորություն չէ, սակայն, առնվազն տարակուսելի է, որ ընդդիմադիր Փաշինյանի և իր քաղաքական թիմի ընդդիմադիր շրջանում մշակված օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկների մեծ մասը իշխանության ղեկը ստանձնելուց հետո նրանք այդպես էլ Նոր Հայաստանի խորհրդարանի օրակարգ չբերեցին:
«ԵԼՔ» դաշինքի անդամ Փաշինյանը ժամանակին հոխորտում էր, որ իր նախաձեռնությունները կասեցնող Հանրապետականները, պարզապես, հովանավորում են կոռուպցիոներներին և չեն ցանկանում, որպեսզի Հայաստանի ժողովուրդը լավ ապրի: «ԵԼՔ»-ի և Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախաձեռնությունները, իրոք որ հեղափոխական էին այն ժամանակվա համար, օրինակ, նրանք առաջարկում էին դեղերի իրացումը ազատել ԱԱՀ-ից, ինչի արդյունքում՝ կտրուկ կնվազեր Հանրապետությունում վաճառվող դեղորայքի գինը: Առաջարկում էին սպաներին ազատել գույքահարկ վճարելուց՝ մինչև ծառայության 20-րդ տարին, ստիպել խոշոր հարկ վճարողներին հավելյալ հաշվետվություններ ներկայացնել, ԵԱՏՄ-ից դուրս գալը և այլն: Համաձայնեք, սրանք նախագծեր են, որոնք այսօր էլ կարող էին քննարկվել Ազգային ժողովի կողմից, հատկապես, որ կոռուպցիոներներին հովանավորող ՀՀԿ-ն այլևս չկա:
Սակայն արի ու տես, որ իշխանություն դառնալուց հետո հեղափոխական թիմը մոռացել է իր երբեմնի լավ-լավ առաջարկները, և այսօր օրակարգում են ոչ թե դրանք, այլ, օրինակ, գողական ենթամշակույթի դեմ պայքարը կամ «Ստամբուլյան կոնվենցիան»: Ինչո՞ւ Փաշինյանը այդ հեղափոխական նախագծերը չի բերում հեղափոխական պառլամենտ, ինչո՞ւ չի ցանկանում, որպեսզի Նոր Հայաստանում էլ խոշոր հարկատուները հավելյալ վերահսկողության տակ լինեն, գուցե այդ հարկատուները, պրեսինգի տակ հայնտվելով, այլևս չցանկանան մուծվե՞լ, և դա է Փաշինյանի և իր քաղաքական թիմի դանդաղկոտության պատճառը: Կա նաև այլ պատճառ. այն, որ նախկինում հնչեցրած բոլոր առաջարկությունները զուտ քաղաքական պոպուլիզմ էին, առանց որի՝ ընդդիմության ամպլուան թերի կլիներ, սակայն իշխանության գալուց հետո Փաշինյանը հասկացել է, թե որքան հեշտ է նման առաջարկներ ներկայացնել, երբ դրանց իրականացման համար բյուջեից փող գտնելու գործը քո ուսերին չի լինելու…