Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները' սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության՝ տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը: Ասել է թե հեղափոխությունից հետո առաջին անգամ Փաշինյանը չարիք է որակում նաև իր քաղաքական հոգևոր հորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Փաշինյանից «խաչակնքվելու» նման մի փորձ արել էր նաև ինքը՝ Տեր-Պետրոսյանը, այս տարվա փետրվար ամսին հրապարակած իր հայտնի հոդվածում, որի միակ նպատակն էր ցույց տալ, որ Փաշինյանի վարած քաղաքականության վրա ինքը որևէ ազդեցություն չունի:
Իհարկե, հարց է առաջանում. եթե առաջին նախագահը Փաշինյանի աչքերում այդչափ մեծ չարիք է, ապա ինչ գործ ունեն այդ չարիքի հավատարիմ կադրերը Նոր Հայաստանում, այն էլ առանցքային պաշտոններին: Բանն այն է, որ, եթե ներքին քաղաքականության մեջ Փաշինյանը դեռ կարողանում է մանևրել, ապա արտաքին քաղաքականության հարցերում վարչապետը դիմում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կոնսուլտացիաներին: Եվ այսօր, երբ Արցախի հարցում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, Փաշինյանը փորձում է «խաչակնքվել» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապերից, ասել է թե՝ նրա արտաքին քաղաքականությունից և ձերբազատվել հող հանձնողի պիտակից:
Մյուս կողմից, չի բացառվում, որ վերջին շրջանում ակտիվացած և իշխանություններին տարբեր օրակարգային հարցերի վերաբերյալ հրապարակային խորհուրդներ տվող ՀԱԿ-ը մոտ ապագայում դառնա Փաշինյանի ընդդիմությունը, իհարկե՝ կառավարվող ընդդիմությունը: Եվ այս տեսանկյունից նույնպես, Փաշինյանին այսօր անհրաժեշտ է համոզել բոլորին, որ ինքը ոչ միայն չունի որևէ առնչություն առաջին նախագահի հետ, այլև մի բան էլ՝ նրան կատարյալ չարիք է համարում: Եթե Փաշինյանի խոսքերին չհաջորդի գործը, և Տեր-Պետրոսյանը չթիրախավորվի, ինչպես օրինակ թիրախավորվում է նույնպես չարիք համարվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա պարզ կդառնա, որ այս ամենը քաղաքական ֆարսի հերթական արարն էր…