Մեծ Բիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին առաջիկա 18 ամսում կարող է հրաժարվել գահից հօգուտ իր ավագ որդի Չառլզի: Այդ մասին հաղորդել է The Sun-ը՝ վկայակոչելով միապետի շրջապատի աղբյուրներ:

Թերթի զրուցակիցը նշում է, որ հրաժարման մասին բացահայտորեն խոսելն արգելված է, սակայն լիազորությունների փոխանցման գործընթացն իբր արդեն սկսվել է: Այսպես, Եղիսաբեթ Բ-ն ավելի ու ավելի սակավ է այցելում պաշտոնական միջոցառումներ, որտեղ նրան փոխարինում է 71-ամյա Չառլզը: Հենց նա է ավելի վաղ նոյեմբերին ճնշում գործադրել արքայազն Էնդրյուի վրա, որպեսզի վերջինս վայր դնի իր միապետական պարտականությունները՝ բանտում մահացած մանկապիղծ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի հետ սերտ կապերի պատճառով:

Թերթի տեղեկություններով՝ թագուհու հնարավոր հրաժարումը կարող է տեղի ունենալ 2021 թվականի ապրիլին, երբ լրանա նրա 95 տարին: Ընդգծվում է, որ Եղիսաբեթ Բ-ի ամուսին արքայազն Ֆիլիպը հրապարակային միջոցառումներից հրաժարվել է հենց այդ տարիքում:

Եղիսաբեթ Բ-ն թագուհի է հայտարարվել 1952 թվականին: 2015 թվականի սեպտեմբերին, գահին լինելով 23 226 օր, նա դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերկարատեւ կառավարող միապետը: Իսկ 2016 թվականին՝ Թաիլանդի 89-ամյա Փումիփոն Ադուլյադեթ թագավորի մահվանից հետո, Եղիսաբեթ Բ-ն ճանաչվել է ամենաերկարատեւ կառավարող ողջ միապետն աշխարհում:

Արքայազն Չառլզը բրիտանական գահի ուղղակի ժառանգ է դարձել 1952 թվականին, երբ 3 տարեկան էր: 2008 թվականին նա համարվել է թագի ամենատարեց ժառանգորդը բրիտանական ամբողջ պատմության ընթացքում՝ այն պահին նա եղել է 59 տարեկան:

Անգլիայի նախորդ միապետը, որը հրաժարվել է գահից, եղել է ներկայիս թագուհու հորեղբայր Էդուարդ VIII-ը: Նա իր եւ իր հետնորդների համար գահից հրաժարվել է 1936 թվականին հանուն կրկնակի ամուսնալուծված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնության