Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կարող է լքել գահը և փոխանցել այն որդուն՝ Չարլզին, առաջիկա մեկուկես տարում: Այս մասին գրում է The Sun-ը՝ տեղեկացված աղբյուրներին հղումով:
Նախատեսվում է, որ թագուհին լքելու է բրիտանական գահը իր 95-ամյակին՝ 18 ամիս անց: Աղբյուրները նշում են, որ նա արդեն սկսել է ոչ պաշտոնապես իր լիազորությունները փոխանցել որդուն:
Դա երևում է այն փաստից, որ միջոցառումներին ավելի հաճախ մասնակցում է Չարլզը, և ոչ թե նա: Չնայած թագուհին դեռ որոշ ընդունելություններ է անցկացնում, նա կրճատել է դրանց ծավալը, ավելի հաճախ մնալով Վինձորի ամրոցում: Պարբերականի համաձայն, 2018-ին նա մասնակցել է 282 միջոցառման, իսկ 2016-ին՝ 332, իսկ Չարլզը այցելել է 507-ը:
«Չարլզին թագավոր դարձնելու ծրագրերը շարունակվում են արդեն որոշ ժամանակ: Անցումն ակնհայտորեն արդեն ընթանում է»,- ընդգծել է աղբյուրը:
Այնուամենայնիվ, գահը հանձնելու պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել:
Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի թագուհին է 1952 թ.-ից ի վեր: