Շարունակելով նոր իշխանությունների ամենասկանդալային դեմքերին նվիրված շարքը, չենք կարող չանդրադառնալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով ըստ ամենայնի, որոշել է մարզում շարունակել երբեմնի ֆեոդալական «լավագույն ավանդույթները»:

Ըստ մամուլի տեղեկությունների, Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն: Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշեն, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Երբ Մրգաշենի գյուղապետն ընդդիմացել է՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վենդետա չի լինելու, բացի այդ՝ իրենք ընտրովի մարմիններ են, մարզպետը պատասխանել է. «Հիմա որոշումներ կայացնողը ես եմ»: Թերևս հենց այս սուրբ գործի իրականացման համար էլ Ռոմանոս Պետրոսյանը ևս յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով: Մինչդեռ իր կարծիքով՝ այս ամենը չի նշանակում, թե հանրությունից ինչ-որ գաղտնիք է պահվել:

Պետրոսյանը չի խուսափել նաև ակնհայտ կրիմինալ պատմությունների մեջ ներքաշվելուց, թեկուզ և ոչ անմիջականորեն: Բանն այն է, որ ամիսներ առաջ մարզպետի եղբայրը մի քանի անգամ հարվածել է իրավապաշտպան ընկերության տնօրենի դեմքին: Եթե նման դեպք արձանագրվեր նախկինում, ՀՀԿ-ական մարզպետներից որևէ մեկի եղբոր մասնակցությամբ, ապա կարելի է կռահել, թե ինչպիսի աղմուկ կբարձրացներ ընդդիմությունը:

Ընդդիմությունը սակայն այսօր իշխանություն է, հետևաբար դրվագն էլ ինչպես սպասվում էր՝ ջրվեց: Պետրոսյանը նաև գործուն միջամտություն էր ցուցաբերում Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ սակայն ՔՊ-ն պարտություն կրեց՝ չնայած մարզպետի կողմից գործի դրված ադմինիստրատիվ լծակներին:

Կրկին մամուլի տեղեկություններով, վերջերս էլ Կոտայքի ՋԸՕ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները հենց Պետրոսյանի ազգականներն են: Բանն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել, արդյունքում մարզպետը ստիպված էր տարբեր միջոցներով հերքել իր կապը վերոնշյալ դեպքի հետ:

Ինչպես երևում է հեղափոխությունը այդպես էլ Կոտայքի մարզ չի հասել, հաշվի առնելով, որ այստեղ տիրող բարքերին կնախանձեին անգամ ՀՀԿ-ական նախկին «ֆեոդալները»…

Շարունակելի…