Կառավարությունը որոշում կայացրեց փոփոխություն կատարել օրենքում, որը հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իրավունքի սահման» ՀԿ-ի տնօրեն, Հայաստանում ավտովարորդների շահերի պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ կառավարության այս որոշումն ուշացել է, այն վաղուց պետք է կայացներ։ «Ես օբյեկտիվորեն, իսկ պատկան մարմինները սուբյեկտիվորեն ուշ արձագանքեցինք այս ամենին։ Մենք բազմիցս պահանջել ենք, որպեսզի ղեկի տեղափոխումը Հայաստանում կազմակերպվի։ Սակայն, ցավոք սրտի, միլիոնավոր դոլարներն արդեն Ադրբեջանում են։ Ինչո՞ւ գնանք Վրաստան, ինչո՞ւ դրանից օգտվի ադրբեջանցին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ տարեսկզբին վարչապետը հեղափոխական էյֆորիայի տակ զիջեց՝ ասելով թող աջ ղեկով մեքենաները ներկրեն ինչ-որ մի շրջան ու հարցը փակվի, սակայն Հովհաննիսյանը նկատեց՝ սա տնտեսական գործընթաց է, որի օրենսդրական կարգավորումը արգելքի տեսանկյունից հիմնավորված չէր․ «Եթե տվյալ տրանսպորտային միջոցի աջ ղեկը օտար երկրում՝ մեզ հետ ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող ադրբեջանցու կողմից փոխվում է և մեր գործարարը վճարում է, ապա այդ օրենքն աշխատում է նրանց օգտին։ Թե օրենքի շրջանակներում ինչպես է իրավական կարգավորում տրվելու աջ ղեկով մեքենաների ներկրման գործընթացին, որպեսզի դրանք չարգելեն պետական մարմինները, իրենք հաստատ գիտեն և կարող են անել։ Իմ տեսանկյունից ժողովրդավարության հաստատման առումով ևս մեկ փաստ արձանագրվեց, երբ ժողովրդավարության ինստիտուցիոնալ մի ՊՈԱԿ, որը կոչվում է ավտոներկրող և ավտոարտահանող, ես էլ որպես իրենց շահերի պաշտպան իրավաբան կարողացանք պատշաճ ձևով ձայն բարձրացնել համապատասխան մարմնի մոտ և ստացանք պատշաճ պատասխան։ Աջ ղեկով մեքնենաերի արգելքը վերացվեց, որպեսզի Հայաստանում աջ ղեկը փոխեն ձախի»,- նշեց ավտովարորդների շահերի պաշտպանության լիգայի փոխնախագահը։
Ըստ Հովհաննիսյանի՝ զարմանալին այն է, որ ՊԵԿ-ը վարչապետին չի տեղեկացրել, որ գումարները գնում են ՀՀ-ից և մի քանի տասնյակ մլն դոլարներ մենք արդեն կորցրել ենք։ Հովհաննիսյանը վստահ է՝ թեկուզ այս պահին, գործընթացի թույլատրումը մի քանի մլն դոլարների եկամուտ է բերելու ՀՀ-ին։
«Հավանաբար, օրենքում փոփոխություն անելու պատճառը մեր վերջին ակցիան էր, երբ ՊԵԿ-ի դիմաց, երբ զինվորական համազգեստով անձի մասնակցությունը հատուկ կառույցների ուշադրությունը գրավեց և միանգամից ճիշտ ինֆորմացիան մատուցվեց վարչապետին»,- նշեց Գևորգ Հովհաննիսյանը։