ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման նկատմամբ հանրային և փորձագիտական շրջանակների ուշադրությունը բավական մեծ էր, ինչը կարելի է պայմանավորել, մի կողմից, հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից հնչած մի շարք ոչ միանշանակ հայտարարություններով, մյուս կողմից, դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության կողմից հուշագրի շրջանառմամբ, որն իր բնույթով սադրիչ էր և առավելապաշտական:
Չի կարելի ասել, որ հանդիպումից հետո հեղափոխական արդյունքներ են գրանցվել, սակայն մի բան ակնհայտ է՝ Հայաստանը այս պահին գտնվում է լուրջ քաղաքական պրեսինգի տակ և դրա պատճառը թերևս այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ու կես տարվա ընթացքում այդպես էլ չգտավ բանակցային գործընթացի իր կետը: Մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ չի շարունակելու բանակցությունները Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի կետերից, արեց նաև հայտարարություններ, որոնք միջազգային հանրության կողմից ընդունվեցին, մեղմ ասած, ոչ միանշանակ, թեև պոպուլիստական էին, սակայն զգալիորեն թուլացրին Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում: Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում նույնպես նպաստել է բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի թուլացմանը: Գեներալիտետի շրջանում դավադիրների փնտրտուքը, Արցախի նախագահին մարզպետով դիմելը, այս ամենը հանգեցնում է նրան, որ Արցախը ինքնին միջազգային հանրության առաջ կորցնում է տարիների ընթացքում կուտակած իր սուվերենությունը: Փաշինյանը ստիպված վերադառնում է թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի կետերին:
2001-ին Քի Ուեսթից հետո Ռոբերտ Քոչարյանը նույնպես քննարկում էր խաղաղության վերականգնմանը ուղղված համալիր միջոցառումների անցկացման հնարավորությունը, իսկ Սերժ Սարգսյանի կետերը արտացոլված են Բրատիսլավայի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստի մեջ, քանի որ այնտեղ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ՄԽ համանախագահների եւ նրանց հայտարարությունների' գործընթացի բաղկացուցիչ մաս լինելու մասին, 2016-ին Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին, թեեւ հատվածական: Փաշինյանը հասկանում է, որ մեկ ու կես տարվա բանակցային մարտավարությունը, եթե այն ընդհանրապես կար, տանուլ է տվել բանակցությունների այս փուլը և բանը հասել է նրան, որ Բաքուն ՌԴ արտգործնախարարի համաձայնությամբ հայկական կողմին վերջնագիր է ներկայացնում: Հայաստանը, ըստ էության, համաձայնել է այդ վերջնագրին, համենայնդեպս, Ադրբեջանի կողմից առաջ քաշված օրակարգին, քանի որ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել արդեն գալիք տարի: Մինչ այդ, Փաշինյանին մնում է ժամանակ ձգել: Իհարկե, եթե առկա են որոշակի պայմանավորվածություններ, իսկ դրանք, ինչպես երևում է առկա են, հայկական կողմին որևէ մեկը ժամանակ չի տալու, իսկ նման սցենարի դեպքում այլընտրանքը պատերազմն է:
Պատասխանատվությունը իրենց վրայից գցելու համար իշխանությունները գուցե և նախընտրեն գնալ այս սցենարով, սակայն միևնուն է՝ նախ, թիվ մեկ պատասխանատուն, ամեն դեպքում, մնալու է Փաշինյանը, և ամենակարևորը՝ Արևմուտքը երբևէ չի հաշտվի Հարավային Կովկասում ՌԴ ռազմական ներկայության ավելացման հետ: Իսկ այդ ավելացումը կարող է լինել՝ ի դեպս ՀԱՊԿ խաղաղապահների, որոնք ռազմական էսկալացիայի արդյունքում կտեղակայվեն Արցախում: Արևմուտքը, թերևս կմտածի Փաշինյանին փոխարինելու մասին, նույն սորոսականներին Փաշինյանի ազդեցության տակից հանելով և որևէ այլ քաղաքական ուժի կամ գործչի ազդեցության տակ դնելով: Հենց այս ռիսկերն են, որ ստիպում են Փաշինյանին նահանջել՝ վերադառնալով բանակցային այն կետերին, որոնք թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից ամիսներ անց նույն Փաշինյանի կողմից դիտարկվում էին, իբրև պարտվողական և սխալ…