ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին: Նրանք անդրադարձան վերջերս ՀՅԴ կուսակցությունից արտաքսված երիտասարդ անդամներին, իրենց՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված հրաժարականի պահանջին:
Օրեր առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ՝ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանն ու Անուշիկ Հովհաննիսյանը հեռացվեցին դաշնակցականների շարքերից: Իրենց նախկին կուսակից ընկերների՝ կուսակցությունից հեռացման մասին խոսելիս՝ երիտասարդական-ուսանողական միության անդամներն ասացին, որ դա կուսակցությունների գործունեության բնականոն վիճակ է՝ այն տրամաբանությամբ, որ նոր մարդիկ են ընդունվում կուսակցություն, նույն տրամաբանությամբ անդամներին կարելի է հեռացնել կուսակցությունից:
«Նրանք չեն ենթարկվել մեր բարձրագույն մարմնի որոշումներին: Նրանք հեռացվել են ոչ թե, որ չեն մասնակցել ցույցերին, այլ որ հրապարակային քննադատել են կուսակցությանը: Սա արգելված է մեր կանոնագրով, իսկ մենք բոլորս ենթական ենք այդ կանոնագրին: Եթե քննադատելու բան կար, թող գային, ժողովներին քննադատեին: Մենք մեր ժողովներին հնարավորություն ունենք հանդիպելու և քննարկումներ անցկացնելու ՀՅԴ յուրաքանչյուր անդամի հետ: Այդ մարդիկ ուղղակի չէին տեսնում իրենց ապագան մեր կուսակցությունում: Բնականոն գործընթաց է կուսակցությունից մարդկանց հեռացնելը, մեզ մոտ էլ մեծամասնության բոլոր որոշումները պարտադիր են փոքրամասնության համար»:
Ներկաներից մեկն էլ հավելեց, որ իրենց երդումն արժեքավոր է, և դրան պետք է հավատարիմ մնալ:
«Գոյություն ունի կուսակցության կանոնագիրք, որով պետք է առաջնորդվի կուսակցության յուրաքանչյուր անդամ: Մեր շարքերը մտնող յուրաքանչյուր մարդ երդում է տալիս, երդում է տալիս հստակ նպատակի՝ ձեռքը դնելով կանոնագրի վրա: Դաշնակցականի երդումը սովորական երդում չի, էն երդումներից չի, որ մենք ամեն օր լսում ենք հորս արև կամ մորս արև արտահայտություններվ: Մենք հայրենիքի արևով ենք երդվում, դրա համար ամեն մարդ դաշնակցական լինել չի կարող: Մեր շարքեր մտնող յուրաքանչյուր մարդ պարտավոր է ենթարկվել վերադաս մարմնի որոշմանը»:
Նրանք նաև անդրադարձան վերջերս համացանցում տարածված նամակին, որով՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կարևոր տեղեկություն էր հայտնում ՀՅԴ գաղտնի ժողովից: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր, որ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրոյի անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը. «Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին»,- ասվում էր հայտարարությունում:
Երիտասարդական-ուսանողական միության անդամների պնդմամբ՝ պարտիզանական հարվածների մասին քննարկումը եղել է արտաքին թշնամու վերաբերյալ:
«Նման արտահայտություն, եթե եղել է, ապա եղել է սահմանից այն կողմ գտնվող թշնամու մասին, պարտիզանական հարվածներ հասցնել այդ թշնամուն, որովհետև մենք ներքին թշնամի չունենք: Դա սխալ ինֆորմացիա է, չկա նման բան, և վերջ»:
Երիտասարդները տեղեկացրին նաև, որ շարունակելու են պահանջել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Առաջիկայում հնարավոր է բողոքի նոր ցույցեր լինեն, մենք հասնելու ենք մեր նպատակին՝ Արայիկ Հարությունյանը հեռանալու է»: