Երեկ ժամը 11։30-ի սահմաներում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային և աջ նստատեղի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Արման Ե-ն է։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցում Արման Ե-ին դանակահարել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ՝ Արամ Հ-ն։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արամ Հ-ն ինքնական ներկայացել է ոստիկանություն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։