Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Հովհաննիսյան փողոցից ձախ այտոսկրի և կրծոսկրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա մի պատանու:

Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին են միացել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները և համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին պարզվել է, որ տուժողին Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Նորքի 11-րդ փողոցի 17-ամյա մի բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 19-ին, կասկածվողը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: