Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն ուղևորներին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության՝ դեկտեմբերի 25-ին կայացած նիստում՝ տեղեկացնում է Sputnik-ը:
Դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից 75 երթուղիներում 160 միավոր ավտոբուսներ կերթևեկեն 30 րոպե միջակայքով: Նաև մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին անվճար կսպասարկի Ռիքե – Նարիղալա ճոպանուղին: «Մենք կարծում ենք, որ բնակչությանն արված այս աջակցությունը կարևոր նշանակություն ունի, նույնպիսի մոտեցում կունենանք նաև Սուրբ Ծննդի գիշերը»,- հայտարարել է Կալաձեն:
Այդ գրաֆիկով հասարակական տրանսպորտն ամանորյա գիշերը կաշխատի մինչև առավոտյան 4:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչև հունվարի լույս 1-ի գիշերվա 3:00-ն:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն Թբիլիսիի բոլոր բնակիչներին կոչ է արել այցելել ամանորյա միջոցառումներին, մասնավորապես, Առաջին հանրապետության հրապարակում երկրի գլխավոր ամանորյա եղևնու լույսերը վառելու արարողությանը: Ամանորյա եղևնու լույսերի վառելու արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ին: Կալաձեի խոսքով՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը ներառյալ, 12:00-ից մինչև 00:00-ն Առաջին հանրապեության հրապարակում կգործեն ամանորյա ավանները: Կլինեն թատերական բեմադրություններ, համերգներ և ժամանցային միջոցառումներ: