ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ «ձեռքի հետ» ուղղակի կամ անուղղակի կերպով ղեկավարում է փաստաբանական գրասենյակ: Նախարարի ընտանիքին և, մասնավորապես, տիկնոջը՝ փաստաբան Տաթևիկ Սարգսյանին է պատկանում նորաբաց TR Law Firm (ամենայն հավանականությամբ Տաթևիկ և Ռուստամ) իրավաբանական մասնավոր ընկերությունը, որը ակտիվ գործի է լծվել՝ դատի տալով այն անձանց, որոնք նախարար ամուսնու ականջին ոչ հաճո հրապարակումներ են անում և, ըստ նախարարի, վիրավորում են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ միաժամանակ պահանջելով հատուցել պատճառված վնասը։

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել TR Law Firm-ի (ՏՌ փաստաբանական գասենյակ) ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարով, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։ Մեզ հատկապես հետաքրքիր է՝ արդյոք նախարարն անձամբ զբաղվու՞մ է ընկերության գործերով, թե այն բացառապես կնոջ բիզնեսն է և արդյո՞ք բացի իր դեմ գործերից այլ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց և՞ս սպասարկում են:

Ընկերության ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս՝ պարզ է դառնում, որ ընկերությունն այնքան էլ երկար կյանք չունի։ Դատելով էջից՝ պարզ է դառնում, որ այն հիմնադրվել է, ընդամենը, 2 ամիս առաջ՝ նոյեմբերի 1-ին։

Ընդհանուր առմամբ, կնոջ գործունեության մեջ անօրինական բան չկա, սակայն խնդիրն այն է, որ առկա են ռիսկեր, որ նախարարի կին փաստաբանը կունենա բազմաթիվ լծակներ դատական և պետական այլ մարմիններում՝ իր վստահորդի շահերը ներկայացնելիս։